Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով բոլոր 17 դատավորների մասնակցությամբ կկայանան եւ այսօր էլ կայացել են փակ քննարկումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստրասբուրգում գտնվող Հայաստանի պատվիրակության անդամ՝ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ բոլոր դատավորների մասնակցությամբ տեղի են ունենում քննարկումներ հիմնական հանգամանքների, հետեւությունների շուրջ եւ ամիսներ անց, օրինակ՝ 5-6 ամիս, գուցե ավելի երկար, ՄԻԵԴ-ը կկայացնի եւ կհրապարակի վճիռը:
«Մեր փաստարկները հիմնավորված էին, դրանք հերքող դիրքորոշում չներկայացվեց այն իմաստով, որ կարողանային ցույց տալ մեր դիրքորոշման ոչ հիմնավոր լինելը: Մենք ներկայացրել էինք թե' ապացույցներ, թե' հիմնավորումներ մեր դիրքորոշումներին: Մեր նպատակը այնպիսին էր, որ հենց ինքը՝ Փերինչեքը, չկարողացավ հերքել, ինքը շարունակում էր պնդել Թալեաթ փաշայի հետ կապված դիրքորոշումները, որ ինքը բնավ նպատակ չի հետապնդել սահմանափակել խոսքի ազատությունը, ատելություն սերմանել, իսկ մենք նշել ենք, որ կարեւոր է հաշվի առնել շարժառիթները, թե ինչ նպատակով է Փերինչեքը խոսել այդ մասին, որ ինքը իրեն համեմատում է Թալեաթ փաշայի հետ, այդ կոմիտեի հիմնադիրն է, ծայրահեղական կուսակցության հիմնադիրն է: Մենք ասել էինք, որ դատարանը պետք է սրան ուշադրություն դարձնի, ոչ թե կտրված դիտարկի: Ասել էինք, որ Փերինչեքը նպատակ ուներ այլ երկրներ գնալ եւ նման ինֆորմացիա տարածել, ընդ որում՝ հայտարարել էր, որ անկախ ամեն ինչից՝ ինքը շարունակելու է խոսել հայոց ցեղասպանության սուտ լինելու մասին: Մեր խնդիրն էր այնպես անել, որ դատարանը իր վճռով ձեւակերպումներ չտար, որով կասկածի տակ կդներ Հայոց ցեղասպանության փաստը, դրանով իսկ քարոզի եւ նման ռասիստների ձեռքը տա հնարավորություն օգտագործելու Եվրոպական դատարանի պես հեղինակավոր ատյանը, որպեսզի տարածեն իրենց ռասիստական նկրտումները»,-ասաց Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ իրենց հետ նույն գիծն էին պաշտպանում Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչները, որոնք հիմնավորելով Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթը, ասում էին, որ ճիշտ հիմքեր է կիրառվել: Արման Թաթոյանն ասաց, որ դատարանի դիմաց բողոքի ակցիա կար թե թուրքերի, թե հայերի կողմից, իրենք զգում էին հայերի աջակցությունը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչն ասաց, որ դարձյալ ցինիկ կերպով ներկայացնում էին, թե Թալեաթ փաշան եղել է Թուրքիայում խոսքի ազատության եւ իրավունքների պաշտպանության ջատագովը, բայց հայկական կողմն ուներ շատ ապացույցներ, այդ թվում՝ Թուրքիայում ժամանակին մեջբերված արտասահմանյան դիվանագետների խոսքեր, Թուրքիայում դատական ակտեր՝ Ցեղասպանությունը իրականացնողներին դատապարտող: «Իրենք ընդհակառակը ասում էին՝ մենք եղել ենք ազատության համար պայքարողներ, ուզում էինք, որ հայերը եւ թուրքերը համերաշխ ապրեն, ներկայացնում էին հայերին որպես ագրեսոր: Փերինչեքը փորձեց մեղմել եւ ասում էր, թե թուրքերը եւ հայերը փոխադարձ իրար կոտորել են: Կարծում եմ հաջողվեց ցույց տալ դատարանին, որ դա այդպես չէ, եւ այն ինչ ներկայացվում է, ճիշտ լույսի ներքո չի ներկայացվում: Մեր կողմի ապացույցներն ավելին էին, որ Թալեաթը ոչ թե ազատության եւ իրավունքների պաշտպանության ջատագով է, այլ ոճրագործության մասնակից, ինչքան էլ փորձեն ապացուցել, մենք անհերքելի ապացույցներ ներկայացրել ենք»,-ասաց Արման Թաթոյանը:
Թե ինչպիսին կլինի վճիռը, կանխատեսել չեն կարող, «սովորական դատավարություն է, բոլոր դատավորները անկողմնակալ են, հարցերը ուղղված էին Շվեյցարիայի Կառավարությանը»: «Դատավարությանը մասնակից սփյուռքահայերն էլ ասում էին, որ մեր փաստարկներն ուժեղ են: Միայն այն փաստը որ սկսեցին հիմնավորել, որ Թալեաթ փաշան, այսպես ասած, իրավապաշտպան նպատակներ է ունեցել եւ ողջ կյանքը իրավունքների պաշտպանությամբ է զբաղվել, բացասական է իրենց համար»,-ասաց Արման Թաթոյանը:
Հիշեցնենք, Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր սկսվել էր «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով նիստը (Perincek v. Switzerland, App. no. 27510/08), որտեղ Հայաստանը եւս ներգրավված է որպես երրորդ կողմ:
Հայկական պատվիրակության կազմում են ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նրա տեղակալ Էմիլ Բաբայանը, արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Բացի դրանից, ՄԻԵԴ-ում մեր երկրի շահերը պաշտպանել են միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը, Ամալ Ռամզի Քլունին, Թոբի Քոլիսը:
2008 թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի վճիռը:
2014 թ. մարտին Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել «Էրգենեկոնի» աղմկահարույց գործի կապակցությամբ, դատարանի վճռով ազատ էր արձակվել: Բացի դրանից, Թուրքիայի դատարանը Փերինչեքի վրայից հանել էր երկրից դուրս գալու արգելքը՝ «1915 թ. Իրադարձությունների վերաբերյալ թուրքական տեսակետները ներկայացնելու համար»:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակազդելու նպատակով, Փերինչեքի գլխավորած բանվորական կուսակցությունը հիմնել է «Թալեաթ փաշայի կոմիտե», որը ԵԽ-ն ճանաչել է որպես «այլատյացություն եւ ռասիզմ» սերմանող կազմակերպություն, եւ 2006 թ. Թուրքիայի կառավարությունից պահանջել կասեցնել դրա գործունեությունը, որը «կոպտորեն խախտում է եվրոպական արժեքները»: