News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել աննախադեպ՝ այն առումով, որ հայտարարության մեջ ըստ էության նշվում են կոնկրետ հասցեատերեր:
Մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին կոչ են անում հետեւել հրադադարի պահպանման շուրջ ստանձնած հանձնառություններին, իսկ Հայաստանին էլ կոչ է արվում քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Ըստ էության, առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին կոնկրետ, հասցեական մեսիջ են հղում հրադադարի խախտումների կապակցությամբ՝ առաջին անգամ հստակորեն ամրագրելով, որ խախտումների պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է:
Ինչո՞վ էր պայմանավորված այս իրողությունը՝ դժվար է միանշանակ ասել: Մինսկի խմբի հայտարարությունը ենթադրում է, որ այս հարցում բոլոր երեք համանախագահ երկրները եկել են համաձայնության, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն արել է այնպիսի բան, որը դուր չի եկել բոլոր երեք համանախագահներին էլ:
Եթե սա զուտ հրադադարի խախտումն է, ապա, բնականաբար, հարց է առաջանում՝ մի՞թե այդ խախտումն առաջին անգամն էր: Իհարկե՝ ոչ, եւ Ադրբեջանն իրեն նմանօրինակ կերպով է պահում արդեն երկար ժամանակ:
Եվ ուրեմն ինչո՞ւ են հենց հիմա համանախագահները համաձայնեցված կերպով ուղղակի, ուղիղ մեղադրանք հնչեցնում Ադրբեջանի հասցեին: Իսկ միգուցե Բաքուն առաջին անգա՞մ է հրադադարը խախտում առանց համանախագահներից որեւէ մեկի համաձայնության կամ աջակցության, այսինքն՝ Ալիեւն այլեւս համարել է, որ կարող է նաեւ ինքնուրույն նախաձեռնել նման սադրանքներ եւ, անկասկած, համանախագահներից որեւէ մեկի համաձայնությունը կարող է ստանալ:
Բոլոր դեպքերում՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն անցել է ինչ-որ սահման: Միգուցե այդ սահմանը այն էր, որի մասին օրեր առաջ հայտարարել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ասելով, որ ադրբեջանցիները նոր զինատեսակներ են կիրառում հրադադարի խախտման ժամանակ: Չի բացառվում, որ հենց սա է համանախագահներին բերել այն եզրահանգման, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ ավելի ու ավելի լարել իրավիճակը՝ արդեն անկանխատեսելիության եւ անկառավարելիության աստիճան, որից հետո արդեն լայնամասշտաբ պատերազմը կարող է սկսվել իներցիայով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ