News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Շրջանառության հարկի մասին նոր օրենքի կասեցում պահանջող՝ Երեւանի եւ մարզերի հարյուրավոր առեւտրականները կպահանջեն ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականը, եթե վարչապետը իրենց գրավոր պատասխան չտա, կամ չհանդիպի իրենց հետ: Այս մասին այսօր այսօր՝ հունվարի 29-ին, ասացին կառավարության շենքի հավաքված առեւտրականները:

«Մենք չենք պատրաստվում ամեն օր գալ, ժամերով սպասել եւ գնալ, մենք համաձայն ենք 1 կամ 2 հոգով բարձրանալ կառավարության շենք , վերցնել վարչապետի գրավոր պատասխանը, այնուհետեւ այն բարձրաձայն ընթերցել բոլորիս, այլապես մենք կպահաջենք Գագիկ Խաչատրյանի հրաժարականը: Մենք համաձայն չենք 10 հոգով բարձրանալ եւ որեւէ բան քննարկել վարչապետի հետ»,-ասաց առեւտրական Արտակ Խաչատրյանը, իսկ մյուս առեւտրականները ի նշան համաձայնության վանկարկեցին  «այո» եւ «կասեցում»:

Նշենք, որ այսօրվա ակցիային մասնակցում են նաեւ մարզերից եկած տասնյակ առեւտրականներ՝ ինչպես տոնավաճառի աշխատողներ, այնպես էլ անհատ ձեռներեցներ։ Ակցիայի մասնակիցները բողոքում են նոր օրենքով սահմանվող շրջանառության փաստաթղթավորման դեմ, նշելով որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները փաստաթուղթ չեն տրամադրում փոքր եւ միջին ձեռներեցության ներկայացուցիչներին:

«Մենք կառավությանն ուղղված մեր նամակների պատասխաները դեռ չենք ստացել: Մենք 3 ամիս ժամանակ էինք տվել կառավարությանը, որպեսզի մեր խնդիրը լուծում ստանա եւ ապրանքների փաստաթղթավորումը հանվի: Հիմա մենք չենք դադարեցնելու մեր պայքարը, շարունակելու ենք, մինչեւ հասնենք մեր նպատակին՝ հարկեր մուծենք եւ աշխատենք, եւ ոչ մեկ մեզ չխանգարի։ Կառավարությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի մենք աշխատենք եւ ապրենք մեր հայրենիքում»,- ասաց ակցիայի մասնակից Սամվել Գրիգորյանը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Երեւանի Նոր Նորքի զանգվածում նախորդ օրը 3 խանութ է փակվել նոր օրենքի պատճառով:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ