News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ միասին հունվարի 29-ին այցելել են Երեւանի Կոմիտասի անվան պետական պանթեոն եւ մասնակցել հայ մեծանուն երգահանի թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ գրառում կատարելով պատվավոր հյուրերի գրքում` նախագահ Սահակյանը նշել է, որ Կոմիտասի թանգարանի բացումը նշանակալի իրադարձություն է համայն հայության կյանքում:

«Խոսքը մի մարդու մասին է, ով կարողացել է իր անմահ երաժշտությամբ ներկայացնել մեր ազգի սարսափելի ողբերգությունը, մարդու, ով ապրել է իր ժողովրդի ճակատագրով եւ վառվել անմնացորդ` հանուն ապագա սերունդների, արդարության հաղթանակի հույսով ու հավատով: Եվ ներկա սերունդը պետք է ապրի ու արարի` հանուն Մայր Հայաստանի զարգացման ու զորացման՝ անսասան պահելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»,- գրել է Բակո Սահակյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից էլ հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է բոլորին թանգարան-ինստիտուտի բացման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել այս կարեւոր նախաձեռնության իրականացմանն իրենց ներդրումն ունեցած բոլոր անձանց եւ թանգարանում շրջայց կատարելուց ու տարբեր սրահներում ներկայացված ցուցադրություններին ծանոթացելուց հետո, գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության եւ վերածննդի խորհրդանիշն է: Կոմիտաս վարդապետը միավորեց հոգեւորը եւ աշխարհիկը, ազնվականը եւ գեղջկականը, արեւմտահայկականը եւ արեւելահայկականը՝ ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ եւ բազում այլ բաժանարար գծերը: Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը՝ վեր հանելով եւ մեզ հասցնելով մի ահռելի քաղաքակրթական շերտ:

Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմ կարող է համակարգված ուսումնասիրության եւ լայն տարածման առարկա դառնալ ինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ: Կոմիտասը մեր մշակութային կյանքի մասնակիցն է, ով շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակի բարդ քառուղիներում:

Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարեւոր իրադարձություն է մեր երկրի ու մեր ժողովրդի համար»:

Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

***

Լրացուցիչ տեղեկություններ

Հայ երաժշտական մշակույթի երախտավորներից մեկը՝ Կոմիտասը, ով իր ստեղծագործական ոչ երկարատեւ կյանքի ընթացքում եւ՛ որպես ժողովրդական երգի հավաքագրող, եւ՛ որպես կոմպոզիտոր, մշակող ու տարածող, դարձավ հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիրը՝ մեծապես կանխորոշելով հայ երաժշտարվեստի զարգացման հետագա ուղին, չնայած իր ունեցած այդ անգնահատելի մեծ դերին, մինչ օրս չուներ հասցե, որտեղ լիարժեքորեն ներկայացված կլիներ, թեեւ Կոմիտասի անունով են կոչվել լարային քառյակը, Երեւանի պետական կոնսերվատորիան, կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը եւ այլն:

Վերը նշված հանգամանքները հիմք ընդունելով՝ 2013թ. մայիսի 30-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկի հիման վրա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշում ընդունեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու մասին: Այդ որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրվեց Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատը, որի հիման վրա կառուցվեց թանգարան-ինստիտուտի նոր շենքը: Ֆինանսական ծախսերը հոգացին «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական եւ «Լույս» հիմնադրամները: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: 2014 թ. հուլիսի 24-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է: Այն հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով. ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն եւ ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Կառույցի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան-ինստիտուտը կնպաստի կոմիտասագիտության զարգացմանը, մեծ երաժշտի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը եւ հանրահռչակմանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից:

Կոմիտասի ողջ կյանքն ու գործունեությունը, ապրումներն ու մտորումները, երաժշտական-տեսական եւ հոգեւոր գործունեությունը, ինչպես նաեւ բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի 8 սրահների մշտական ցուցադրության մեջ, որի հեղինակ եւ համադրողը Վարդան Կարապետյանն է, ձեւավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն:

Ծրագիրն իրականացրել է «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն»:

Առաջին՝ «Ժամանակագրություն» սրահում ներկայացված է Կոմիտասի կենսագրությունը, երկրորդ՝ «Կոմիտասը եւ իր ժամանակակիցները» սրահում՝ բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Վարդապետը՝ ժամանակի գիտական միտքն ու հոգեւոր արժեքները կրող անհատականությունների հետ: Երրորդ՝ «Կոմիտասի միտքը» սրահում ներկայացված են Կոմիտասի աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները: Չորրորդ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահում ներկայացված են Գեւորգյան ճեմարանում ուսանելու տարիների նրա նոտագրության դրվագները: Հինգերորդ՝ «Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահում՝ նրա ստեղծագործությունները՝ հեղինակային մեղեդիները: Վեցերորդ՝ «Կոմիտասը եւ հոգեւոր երաժշտությունը» սրահում ներկայացված է հայ եկեղեցական երաժշտությունը, որը Վարդապետի ողջ գործունեության էական մասն է կազմում: Յոթերորդ՝ «Կոմիտասի ելույթները» սրահում ներկայացված է մեծ երգահանի, որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները, որոնցով հանդես է եկել Փարիզում, Լոզանում, Ալեքսանդրիայում, Թիֆլսում, Կ. Պոլսում եւ այլուր։ Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո». այստեղ շարժանկարի ժապավենի նման անցնում է Կոմիտասի կյանքը։ Կյանքն անցավ, բայց գործը մնաց… 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ