News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահական նստավայրի մոտ արդեն 9 օր գերդաստանով անժամկետ հացադուլ անող Առուշանյանների ընտանիքը պահանջում է շտապ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այլապես նրանք կհրաժարվեն ցանկացած տեսակի բուժօգնությունից: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, NEWS.am-ին ասաց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը: Նշենք, որ «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով հացադուլ հայտարարած նրա 8 հարազատներից այս պահին 5-ն է մնացել նախագահականի մոտ, մյուսներն առողջական խնդիրների պատճառով դադարեցրել են հացադուլը:

«Հացադուլավորների մեջ կան լուրջ առողջական խնդիրներ ունեցողներ, արդեն  հիվանդանոց են տեղափոխվել Աշոտ Առուշանյանի մորաքույրը եւ հորաքրոջ հարսը: Նրանց ասել են, որ բուժօգնության համար պետք է վճարեն, ինչից նրանք հրաժարվել են գումար չունենալու պատճառով: Մենք հիմա բոլորս հրաժարվում ենք ամեն տեսակի բուժօգնությունից եւ շտապ հանդիպում պահանջում նախագահի հետ»,-ասաց Լավրենտի Առուշանյանը՝ նշելով, որ իրենք իրենց արհամարհված են զգում:

Աշոտ Առուշանյանի խոսքով՝ կնոջ առողջական վիճակը նույնպես վատ է, նրան երկու օր առաջ ցանկացել են հիվանդանոց տեղափոխել, բայց նա հրաժարվել է:

«Բոլորիս վիճակն էլ գնալով վատանում է, սակայն մենք հետ չենք կանգնելու, մինչեւ վերջ գնալու ենք, մինչեւ արդադատությունը վերականգնվի: Ես բազմաթիվ փաստեր ու ապացույցներ ունեմ որդուս անմեղության մասին, որոնք ցանկանում եմ ներկայացնել հանրապետության նախագահին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:

Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը եւս անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ: Գործը վճռաբեկ դատարանում է:

Տպել
Ամենաշատ