News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շրջանառության հարկի մասին օրենքի կասեցում պահանջող առեւտրականները, որոնց թիվն արդեն մի քանի հազարի է հասնում, երթով հասել են նախագահական նստավայր եւ ամբողջությամբ փակել են Բաղրամյան փողոցը: Նշենք, որ երթը հսկում են  մեծ թվով ոստիկաններ, իսկ առեւտրականների թիվն այնքան մեծ է, որ նրանց մի մասը հասել է նախագահական, իսկ մյուս մասը դեռ Օպերայի մոտ է:

Ակցիայի մասնակիցները բացականչում են «կասեցում»: Ոստիկանները շղթա կազմած փորձում են բացել փողոցը: Նրանց հաջողվել է բացել փողոցի մի մասը:

Մինչեւ նախագահական հասնելը առեւտրականները ԱԺ-ի մոտ պատգամավորներին կոչ են արել իրենց տեսակետն արտահայտել օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ իրենց կողմ քվեարկությամբ է օրենքն ընդունվել:

Բաղրամյան փողոց ժամանած Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ ցուցարարներին, ասաց, որ մտնում է նրանց դրության մեջ, սակայն զգուշացրեց, որ եթե ցուցարարները շարունակեն իրենց այդպես պահել, ինքը ստիպված կլինի անվտանգության միջոցառումներ ձեռնարկել: Բաղրամյան 26-ում է նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ