News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շրջանառության հարկի մասին նոր օրենքի կասեցում պահանջող հարյուրավոր առեւտրականներ այսօրվանից անցնում են բողոքի ծայրահեղ միջոցների: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, հայտարարեցին առեւտրականները, որոնք հավաքվել են կառավարության շենքի առջեւ եւ պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

«Մենք պահանջում ենք, որ վարչապետն իջնի, հանդիպի մեզ եւ պատասխանի, թե օրենքն ինչու չի կասեցվում: Վարչապետ, դուրս արի քո տաք կաբինետից: Եթե դուրս չես գալիս, ուրեմն հեռացիր: Այսօրվանից անցնելու բողոքի կտրուկ միջոցների, սակայն ամեն ինչ օրենքի սահմաններում է լինելու»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հավաքվածները վանկարկում են «վարչապետ», «Հովիկ, իջիր», «կասեցում»:

Նշենք, որ առեւտրականներն այսօրվանից սկսել են իրենց գործունեությունը դադարեցնելու մասին դիմումներ գրել, որոնք փետրվարի 1-ին մեկ փաթեթով կհանձնեն կառավարություն:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ