News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ ԲՀԿ խմբակցությունը երկուշաբթի ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին հարց կբարձրացնի ԱԺ նախագահի մոտ ֆինանսների նախարարի մասնակցությամբ արտահերթ խորհրդակցություն հրավիրելու եւ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը քննարկելու համար։

Այս մասին այսօր՝ հունվարի  30-ին, կառավարության առջեւ հավաքված, օրենքի կասեցումը պահանջող հարյուրավոր առեւտրականներին ասացին ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը եւ Վահե Էնֆիաջյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ առեւտրականներն ընդդիմադիրներին կոչ էին արել սատարել իրենց նախաձեռնությունը։

«Ձեր պայքարը ճիշտ է, մենք միանում ենք ձեզ։ Պետք է երկիրը հանենք այս փոսից։ Կառավարությունը չի պատկերացնում, թե ինչ թվերի մասին է խոսքը, երբ այս վիճակին է հասցնում մարդկանց։ Մենք ունենք 58,700 շրջանառության հարկ վճարողներ, որոնցից 30-40 հազարն անհատ ձեռներեցներ են։ Դա մոտ 100-120 հազար մարդ է։ Ո՞նց կարելի է հանուն վիրտուալ նպատակների այս փուլում այդպես վարվել։ Եթե փաստաթուղթ են ուզում, թող խոշորից ուզուն, խոշորի տեղը չգիտե՞ն»։

Հորդորեցին երկուշաբթի, ժամը 12։00-ին հավաքվել ԱԺ-ի մոտ։ Առեւտրականները համաձայնեցին։

Պատգամավորի խոսքով՝ հարցը կքննարկվի նաեւ այսօր ոչ իշխանական եռյակի հերթական նիստին։

Առեւտրականները շարունակում են կանգնած մնալ կառավարության շենքի դիմաց, ներսում ընթանում է առեւտրականների 15 ներկայացուցիչների եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ