News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Նոյեմբերի 5»-ի գործով Վերաքննիչ բողոքի քննությանն այսօր` հունվարի 30-ին, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի առողջական վիճակը վատացել է, նրա համար շտապօգնություն են հրավիրել դատարան:

Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, նախքան միջնորդություն ներկայացնելը, դատարանին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ, «մեջքը ցավում է»: Դատավորը պահանջել է բժշկական փաստաթուղթ ներկայացնել, սակայն ամբաստանյալը հայտնել է, որ կալանավայրում բժիշկ չեն հրավիրել:

Փաստաբանը դատավորին առաջարկել է հետաձգել նիստը, ինչից հետո դատավորը հանձնարարել է շտապօգնության բրիգադ հրավիրել դատարան:

Այս մասին դատական նիստը ընդմիջվել է: Ամենայն հավանականությամբ, այսօր դատավորը կհրապարակի դատավճիռը՝ բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումը, թե ոչ:

Նշենք, որ 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներին դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք նշանակեց:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր  ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Տպել
Ամենաշատ