News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է  Արմավիրի մարզ` խորհրդակցության  մասնակցելու նպատակով, որի քննարկումների առանցքում գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների հարցերն էին: Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք:

Բացման խոսքում նախարարն անդրադարձել է նախորդ տարվա ընթացքում ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներին եւ ընթացիկ տարվա անելիքներին: Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2014 թվականին գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է 7.2 տոկոս, ինչը բավականին դրական ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն մարտահրավերներն ու դժվարությունները, որոնք ի հայտ եկան նախորդ տարվա սկզբին` գարնանային ցրտահարություն, սակավաջրություն եւ այլն:

«Պետության աջակցության ծրագրերով եւ հատկապես գյուղացիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել այդ դժվարությունները եւ ոլորտում գրանցել գոհացուցիչ արդյունքներ: Արմավիրի մարզում նույնպես անցյալ տարվա արդյունքներով դրական տեղաշարժ է նկատվել հողերի նպատակային, արդյունավետ օգտագործման եւ ցանքատարածությունների ավելացման ուղղությամբ, արձանագրվել է գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում,-իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Մասնավորապես մարզում առկա 41373․6 հեկտար վարելահողերից 2014 թվականի օպերատիվ տվյալներով մշակվել է 31950 հա (77.2%), իսկ այս տարվա կանխատեսումներով  կմշակվի 34250 հա` նախորդ տարվանից 2300 հեկտարով ավել։ Բանջարեղենի ցանքատարածություններով 2014 թվականին մարզը հանրապետությունում զբաղեցրել է 1-ին տեղը։ Բանջարեղենի ցանքատարածությունները օպերատիվ տվյալներով անցյալ տարի կազմել են 9645 հա, 2015 թ. կանխատեսումներով` կկազմեն 10145 հա` 500 հեկտարով ավել:

Խորհրդակցության  շրջանակում նախարարը տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի թվով 5 համայնքների խաղողի շուրջ 11 հա այգետարածքում հայտնաբերված որդալվիճ (ֆիլոքսերա) հիվանդության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու նպատակով  այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հատկացրել է շուրջ 48 միլիոն դրամ: Նա նաեւ նշել է, որ  այդ վնասատուի դեմ պայքարի միակ միջոցն ամբողջ աշխարհում վարակված այգիները  ոչնչացնել է` դրա հետագա տարածումը կանխելու նպատակով, ուստի  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  պետք է առաջիկայում  քայլեր կատարի խաղողի ֆիլոքսերակայուն այգիների հիմնելու ուղղությամբ: Միաժամանակ նախարարը հորդորել է քայլեր ձեռնարկել խաղողի սեղանի սորտերի արտադրության ծավալների ավելացման ուղղությամբ:   

Այնուհետեւ  հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ ոռոգման համակարգի խնդիրներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ թեպետ ընթացիկ եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, սակայն նախարարությունը հաշվի է առել բոլոր հնարավոր ռիսկերն ու ամենավատատեսական սցենարները, ուստի դեռեւս դեկտեմբեր ամսից կոնկրետ քայլեր են իրականացվում անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջրաղբյուրների օգտագործման, ջրային ռեսուրսների առավել արդյունավետ ու խնայողաբար օգտագործման, ոռոգման համակարգը նախապատրաստելու եւ կայուն ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ: Նախարարը նշել է, որ քայլեր են կատարվում հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգ ներդրելու ուղղությամբ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանն իր հերթին զեկուցել  է, որ այս տարի ՋՕԸ-երի առջեւ շատ սեղմ ժամկետներ են սահմանվել համակարգն արդեն իսկ մարտի 1-ին ոռոգման սեզոնին պատրաստելու համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ ընթացիկ տարում մարզում նախատեսվում է գույքագրել բոլոր չշահագործվող խորքային հորերը` անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես աշխատունակ վիճակի բերելու եւ ջրի հավելյալ պաշարներ ապահովելու համար:

Նախարարի հավաստմամբ այս տարի նույնպես կշարունակվեն գյուղացիներին տրամադրվող դիզելային վառելանյութի, պարարտանյութերի պետական աջակցության ծրագրերը եւ գյուղացիների կողմից ներկայացված պահանջարկն ամբողջությամբ կբավարարվի:

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի եւ բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համարե ոսկե մեդալով պարգեւատրվեց    Ակնալիճ համայնքի ղեկավար  Գեւորգ  Միսակյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում նախարար Սերգո Կարապետյանն այցելել է նաեւ Մեծամորի պոմպակայան, ծանոթացել  նախապատրաստական աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ