News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի 2015թ. առաջին նիստը, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց 2014թ. ընթացքում քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին ակտիվ մասնակցության համար, ընդգծելով, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու եւ քննարկելու Երեւանի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:

«Երբ դեռեւս 2013թ.-ին մենք ստեղծում էինք Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը, համոզված էինք, որ այն իր գործունեությամբ նպաստելու է քաղաքային տարբեր ծրագրերի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը: Այսօր հաճելի է արձանագրել, որ խորհրդի անդամներն իրոք ակտիվորեն ներգրավված են քաղաքապետարանի կողմից կյանքի կոչվող տարբեր ծրագրերի իրականացմանը: Ակնկալում եմ, որ 2015թ.-ին կլինեք առավել ակտիվ եւ տանտիրոջ իրավունքով ու սրտացավությամբ կմասնակցեք բոլոր նախաձեռնություններին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդի անդամներին ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետն առանձնակի կարեւորել է երիտասարդության ներուժի առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը:

«Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է, եւ մենք պետք է միասին կառուցենք մեր երկիրն ու քաղաքը, միասին լուծում տանք առկա խնդիրներին: Եվ դա օրինաչափ է, քանզի հենց երիտասարդներին է վերապահված մեր հայրենիքի ու մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման եւ հզորացման, ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատվաբեր պարտականությունը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նիստի շրջանակում ներկայացվել է Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի 2014թ. ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունն ու նախանշվել են 2015թ. անելիքները: Հաշվի առնելով, որ նախորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված համահայկական հռչակագիրը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է խորհրդի անդամներին ակտիվ մասնակցություն ունենալ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ հիմք ընդունելով հռչակագրի դրույթները:

Քաղաքապետը լսել է նաեւ խորհրդի անդամների կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկությունները եւ դրանց վերաբերյալ ներկայացրել իր մոտեցումները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ երիտասարդներն իրենց հերթին նկատել են, որ մեծ սիրով ու պատասխանատվությամբ են մասնակցում քաղաքային բոլոր ծրագրերին: Նրանք նաեւ վստահեցրել են, որ պատրաստակամ են աշխուժացնել փոխգործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ՝ հատկանշելով, որ ի դեմս Տարոն Մարգարյանի՝ ունեն երիտասարդության ներուժն իրապես գնահատող եւ գործնական ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամ քաղաքապետ:

Երեւան քաղաքում երիտասարդության շրջանում 2014թ. ընթացքում ակտիվ գործունեություն ծավալելու եւ մայրաքաղաքային ծրագրերում բարեխիղճ ու մշտական աշխատանքներ կատարելու համար խորհրդի կազմում ընդգրկված մի շարք հասարակական կազմակերպություններ ու համալսարանների ուսանողական խորհուրդներ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Տպել
Ամենաշատ