News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահական նստավայրի մոտ արդեն 11-րդ օրը գերդաստանով անժամկետ հացադուլ անող Առուշանյանների ընտանիքի անդամների առողջական վիճակը գնալով վատանում է, սակայն նրանք շարունակելու են հացադուլը մինչեւ չհանդիպեն նախագահի հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը: Նշենք, որ «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով հացադուլ հայտարարած նրա 8 հարազատներից այս պահին 6-ն է մնացել նախագահականի մոտ, մյուսներն առողջական խնդիրների պատճառով դադարեցրել են հացադուլը:

«Մենք տեղեկացրել էինք, որ մենք բուժօգնությունից հրաժարվում ենք, այնուամենայնիվ, շտապօգնությունը գիշերները հերթապահում է, բայց մենք հրաժարվում ենք բուժօգնությունից: Բայց մեր առողջական վիճակը վատ է, արդեն ուժասպառ ենք լինում»,-ասաց նա:

Լավրենտի Առուշանյանի խոսքով՝ իրենց զանգահարել են նախագահականի նամակների եւ դիմումների բաժնից եւ ասել, որ  իրենց խնդրի մասին արդեն զեկուցել են, սակայն չեն ասել, թե ում են զեկուցել:

«Դեռ ոչ մեկ մեզ չի մոտեցել այս ընթացքում, մենք այստեղ անտեսված ենք, սակայն չենք հուսահատվում, մինչեւ վերջ շարունակելու ենք, եթե սա էլ չօգնի այլ միջոցների ենք դիմելու, մինչեւ արդարադատությունը վերականգնվի»,-ասաց Լավրենտի Առուշանյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:

Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը եւս անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ: Գործը վճռաբեկ դատարանում է:

Տպել
Ամենաշատ