News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Այրումի գյուղապետարանում հունվարի 29-ին տեղի է ունեցել թեժ քննարկում Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքների տարածքում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից նոր պոչամբարի կառուցման վերաբերյալ, հաղորդում է «ԷկոԼուրը»

Պոչամբարի կառուցման համար Մեծ Այրումի 12.10684 հա եւ Ճոճկանի 27.98901 հա գյուղատնտեսական նշանակության հողեր պետք է փոխադրվեն արդյունաբերական նշանակության հողերի կատեգորիայի:

Քննարկմանը մասնակցում էին Մեծ Այրում համայնքի բնակիչները, համայնքապետը, ավագանու անդամները եւ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը:

«Բարձրացվեցին տարբեր հարցեր՝ կապված բնապահպանական աղետների, անվտանգության նորմերի, հին պոչամբարի ռիսկերի հետ, եւ ոչ մի հարցադրում օբյեկտիվ պատասխան չստացավ», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, Այրում համայնքի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը:

Վերջինիս խոսքով՝ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Շահնազարյանը ներկաների հարցերի չի կարողացել հստակ պատասխանել եւ ասել, թե ինչ օգուտ կունենա համայնքը, եթե համաձայնվի պոչամբարի կառուցմանը, սոցիալական ինչ փոխհատուցում կլինի եւ այլն: Փոխարենը ընկերության ներկայացուցիչը սկսել է ներկաներին վստահեցնել, որ իրենք դեռեւս պոչամբար չեն կառուցում:

«Մեզ վստահեցնում են, որ ուզում են փորձարկումներ անել՝ պարզելու, համապատասխանում է տարածքը պոչամբար կառուցելու համար, թե` ոչ: Պետք է համայնքի հետ քննարկել եւ ներկայացնել՝ ինչ կստանա դրանից համայնքը եւ միայն այդ ժամանակ բնակիչները հնարավորություն կունենան դնելու կշեռքի նժարների վրա եւ որոշելու՝ հարկավոր է դա իրենց, թե ոչ», - ասաց Օ. Դուգլարյանը: 

Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքների տարածքում գործում է Ախթալայի կոմբինատի Նահատակ պոչամբարը, որը տեղացիների համար լուրջ խնդիրներ է առաջացնում: Օ. Դուլգարյանի խոսքերով` այն անմիջապես համայնքը սնող ջրի աղբյուրի մոտ է, արդեն ծածկում է աղբյուրը, մարդիկ բազմաթիվ անգամ բողոքել են հիվանդություններից եւ բազմիցս բնակիչների ընտանի կենդանիներ են ընկել այդ պոչամբար:

Բացի պաշտոնապես գործող Նահատակ պոչամբարից կա նաեւ Նազիկ ռեկուլտիվացված պոչամբարը, որը պատկանում էր 5-րդ ամենաբարձր վտանգավորության  դասին մինչեւ 2011թ-ին Ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունումը: Այս պոչամբարների միջեւ ընկած տարածքը, որը գտնվում է Ախթալա գետի վերեւում, լցված է պոչերով եւ լցակույտերով, սակայն հատուկ անվանում չունի: Հենց Ախթալա գետ են թափվում բոլոր թափոնները, եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ստորգետնյա հանքից   թունավոր նյութերը:  Կոմբինատի նոր տնօրինությունը` «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ՓԲԸ-ն ամենից առաջ պետք է խոսի այդ խնդիրների լուծման մասին, դրանից հետո միան ձեռնարկի նոր պոչամբարի կառուցման քննարկումը:

Տպել
Ամենաշատ