News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Օ դը Սեն դեպարտամենտից սենատոր Ֆիլիպ Կալտենբախը վերընտրվել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի պաշտոնում: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:

Այդ առիթով Ֆիլիպ Կալտենբախը հայտարարել է. «Հպարտ եմ, որ վերընտրվել եմ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում եմ արդեն երեք տարի: Ֆրանսիան Հայաստանի հավատարիմ ընկերն է, եւ ես ցանկանում եմ առավել ամրապնդել երկու երկրների սերտ կապերը»:

Կալտենբախը նաեւ շնորհավորել է Բարեկամության խմբի փոխնախագահ ընտրված սենատորներին. Լյուկ Կարվունին եւ Էսթեր Բենբասին՝ Վալ դե Մարն դեպարտամենտից, Մատյո Դարնոյին՝ Արդեշից, Միշել Ֆորիսեին՝ Ռոն դեպարտամենտից, Բերնար Սոժիին՝ Իզերից, ինչպես նաեւ Էրվե Մարսելին՝ Օ դը Սեն դեպարտամենտից: Վերջինը նաեւ Սենատի փոխխոսնակն է:

«Բարեկամության խումբը, բնականաբար, 2015 թվականին շատ ակտիվ է լինելու՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ»,- հավելել է ֆրանսիացի սենատորը:

Նա տեղեկացրել է, որ Խումբը ծրագրում է Հայոց ցեղասպաության 100-րդ տարելիցի առիթով հիշատակի միջոցառումներ անցկացնել Սենատում, ինչպես նաեւ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում կազմավորված հայ համայնքի թեմայով սիմպոզիում: Բացի այդ, նախատեսվում են հանդիպումներ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ:

«Մենք նաեւ քննարկումներ ենք անցկացնում Ֆրանսիա-Թուրքիա եւ Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբերի հետ, որպեսզի երկու կլոր սեղան կազմակերպենք: Առաջինին կմասնակցեն թուրքական մտավորականության ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով աշխատել երկու երկրների միջեւ երկխոսություն հաստատելու ուղղությամբ, իսկ երկորդին՝ հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականներ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման թեմայով»,- ամփոփել է Ֆիլիպ Կալտենբախը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ