News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 31-ին, Սիրահարների այգու մուտքի մոտ զրուցեց 11 օր նախագահական նստավայրի մոտ հացադուլ անցկացնող՝ Աշոտ Առուշանյանի մոր՝ Անահիտ Առուշանյանի հետ։ Տիկին Առուշանյանը նախագահին դիմեց՝ խնդրելով արդարադատություն հաստատել որդու գործով, ասելով որ միայն նախագահը կարող է միջամտել։

«Ինձանից չի դա կախված, դատարանից է կախված։ Գիտեմ, տեղյակ եմ, որ նամակ եք փոխանցել։ Բայց բոլոր դատական մարմինները նայում են, եւ ասում են՝ չէ։ Երբ որ Վճռաբեկ դատարանի որոշումը կլինի, հետո ես ձեզ կընդունեմ»,- տիկին Անահիտին ասաց նախագահը։

Նշենք, որ «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով հացադուլ հայտարարած նրա 8 հարազատներից այս պահին 6-ն է մնացել նախագահականի մոտ, մյուս երկուսն առողջական խնդիրների պատճառով դադարեցրել են հացադուլը։

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:

Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ: Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ