News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանին, որին հունվարի 29-ին զորամասի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված էին գտել,  սպանել են դաժանորեն։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին Հայկազի հարազատները՝ նշելով, որ մահը վրա է հասել շնչահեղձ լինելուց, սակայն մինչեւ այդ տղային ծեծել են, սուր գործիքը մտցրել թեւի մեջ:

«Կապտուկներ են եղել աճուկի մասում, թեւերին, շրթունքն է վնասված եղել, վիզը՝ կապտած, ձեռքերը՝ արյան մեջ: Աջ արմունկի մասում սուր գործիք են մտցրած եղել: Նախնական եզրակացության մեջ մահվան պատճառը գրված է՝ մեխանիկական շնչահեղձություն: Ըստ երեւույթին, մինչեւ կախելը մահացած չի եղել: Մտածել են՝ կարող է մահանալ, տարել, կախել են, որ տպավորություն լինի, թե ինքնասպան է եղել: Իրենց չորսի բուշլատի միջի թելերը հանել են, կապել են իրար ու կախել»,- պատմեց Հայկազի հորեղբայր Ալեքսան Վանյանը՝ նշելով, որ իրենց տեղեկություննրով՝ սպանությանը մասնակցած կուրսանտներից մեկը գնդապետի որդի է:

Թեեւ Հայկազը ինքնամփոփ է եղել, հազվադեպ է կիսվել ծնողների հետ, բայց ծնողները բացառում են, որ իրենց որդին խնդիրներ ունեցած լինի համակուրսեցիների հետ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը բարձր առաջադիմությամբ ավարտած, մի քանի ամիս բանակում ծառայած, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունված որդու մասին հայրը մինչեւ հիմա միայն գովեստի խոսքեր է լսել:

«Շատ էր ուզում զինվորական դառնալ: 15 տարեկանում ընդունվել էր Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան, լավ էր սովորում, ամեն ծնողական ժողովին միշտ իր անունը շեշտում էին, գովաբանում էին որպես լավագույններից մեկի: Մի քանի ամիս էլ բանակում  է ծառայել, բայց երբեք ոչ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել: Ուշ-ուշ էինք հետը խոսում, վերջին անգամ հունվարի 7-ին էինք տեսել, խոսել, երբ մի քանի օրվա արձակուրդից հետո հետ գնաց զորամաս:  Ինչ հարցնում էինք, ասում էր՝ նորմալ է: Հարցնում էինք՝ կերակուրը ո՞նց ա, ասում էր՝ նորմալ»,- պատմեց հայրը՝ Արկադի Բարսեղյանը։

Հայրը որդու հետ նման կերպ վարվելու միակ հնարավոր դրդապատճառը համարում է այն, որ որդին թերեւս հրաժարվել է ենթարկվել զորամասում Հայկազի սպանության կասկածանքով ձերբակալված 4 կուրսանտների ստեղծած վախի մթնոլորտին։ Արկադի Բարսեղյանի կարծիքով՝ համակուրսեցիները չեն կարողացել հաշտվել, որ Հայկազն իրենցից խելացի ու ուժեղ է, փորձել են ամեն կերպ այնպես անել, որ նա էլ ենթարկվի իրենց: 

«Իմ որդին ինքնահաստատվելու բան չուներ, 15 տարեկանից ինքնուրույն մարդ էր, էդ կյանքին ծանոթ էր: Նրանք քաղաքային պայմաններից միանգամից եկել են ինստիտուտ, իրենց պետք էր հաստատվել: Հայկազը պարապած տղա էր, մարմնեղ, երեւի չեն կարողացել ոչ  մի ձեւ ենթարկեցնել իրենց, չի ճնշվել, նման կերպ են վարվել հետը: Խումբ են ձեւավորել եւ գործել են շատ կոպիտ ձեւով: Ինձ ասեցին, որ դիմադրել ա, իրեն ասել են, ինքը ասել ա, իրեն խփել են, ինքը խփել ա: Երեւի միակ մարդն ա եղել, որ դիմադրել ա»,- ասաց հայրը՝ նշելով, որ, իր կարծիքով, զորամասում բոլորն են վախեցել այդ 4 զինծառայողներից, ինչի մասին վկայում է այն, որ նրանք որդուն ննջարանում ծեծել են, սակայն ոչ ոք չի միջամտել:

Հարազատների խոսքով՝ իրենք ամեն բան անելու են, որպեսզի արդար դատավճիռ լինի եւ բոլոր մեղավորները պատասխան տան:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երևանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1 ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։ Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:

Տպել
Ամենաշատ