Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ «Բելաջոյի Գրիշը» չի բացառում ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու հեռանկարը:
«Անհնարին ոչինչ չկա այս կյանքում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք հնարավոր է, որ դուրս գա ԲՀԿ խմբակցությունից եւ դառնա անկախ պատգամավոր: Նա միաժամանակ հրաժարվեց գնահատական տալ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստին նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ խիստ քննադատությանը:
«Նախագահն է, ասել է, իր խնդիրն է, ի՞նչ գնահատական պետք է տամ, ես գնահատական չեմ ուզում տալ նախագահի ասածներին»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստին հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ ԱԺ-ում գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























