Թաղապետարանի մոտ վրաերթի ենթարկված 8-ամսական երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
Նա նշեց, որ երեխան ինչպես ծայրահեղ ծանր վիճակում ընդունվել է, այդպես էլ այժմ է, որեւէ առաջընթաց չկա, վիճակը կրտիկական է, ապրելու շանսը նվազագույն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում քննչական վարչությունում շարունակվում է Երեւանում փետրվարի 19-ին տեղի ունեցած 4 անձի վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։ Քննության նախնական տվյալներով՝ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Վրաերթի հետեւանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել է, մյուս երեք քաղաքացիները գտնվում են բժշկական կենտրոններում։
Վթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել նաեւ ավտոմեքենայի ուղեւորը՝ վարորդի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է. Նա կասկածվում է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։





























