News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանական կայսրությունը Հայոց ցեղասպանության ծրագրման եւ իրագործման հարցի վերաբերյալ փետրվարի 20-ին ARD-ի (Գերմանիայի առաջին ալիք) Ստամբուլի թղթակից Ռայնհարդ Բաումգարթենը մոտ 6 րոպեանոց հաղորդում է եթեր հեռարձակել «Tagesschau» (ARD-ի առաջին լրատվական թողարկում) ծրագրով:

Հեղինակը ներկայացնում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հայ քրիստոնյաներ են զոհվել: Գերմանական ու Օսմանյան կայսրությունները հայերի ցեղասպանության ժամանակ դաշնակիցներ էին: Նրանք զինակիցներ էին, երբ Արեւելյան Անատոլիայում հարյուր հազարավոր հայ քրիստոնաներ էին մեռնում: Հարց է առաջադրվում՝ ի՞նչ գիտեր գերմանացի դաշնակիցը զանգվածային սպանդի, ոճրի մասին: «Շատ բաներ»,- համոզված է հեղինակ, լրագրող Յուրգեն Գոթշլիխը՝ մեկնաբանելով, որ Բեռլինի համար սեփական պատերազմական նպատակները, սակայն, ավելի կարեւոր էին: 

Հաղորդման հեղինակը եզրակացնում է, որ օսմանյան կառավարության վրա գերմանական ազդեցությունը մեծ էր. Օսմանյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետը գեներալ Ֆրիդրիխ Բրոնգարթ ֆոն Շելենդորֆն էր, թուրքական զորքի օպերացիոն ղեկավարը Օթո ֆոն Ֆելդմանն էր, իսկ ծովային ուժերի գերմանացի կցորդ Հանս Հումանը ջերմ ընկերական կապեր ուներ տեղահանումների աջակից, պատերազմի նախարար Էնվեր փաշայի հետ:

Հայերի սպանդը՝ «դաժան, սակայն՝ օգտակար»

Յուրգեն Գոթշլիխը Ֆրայբուրգի գերմանական ռազմական արխիվի մի փաստաթղթում գտել է այսպիսի ձեռագիր գրառում՝ քրիստոնյա հայերի զանգվածային սպանդը դաժան էր, սակայն՝ օգտակար: «Tageszeitung» օրաթերթի Թուրքիայի 60-ամյա թղթակիցը հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում ծառայության անցած գերմանացի դիվանագետների եւ զինվորականների անթիվ նամակներ, փաստաթղթեր եւ հեռագրեր է տեսել հիշյալ արխիվում:

«Գերմանիան մասնակցել է տեղահանումների ծրագրմանը»,-համոզված է լրագրողը, որն այն կարծիքին է, որ վճռական պահին գերմանացիները կարող էին թուրք իշխանություններին ասել՝ դադարեցրե՛ք. «Նրանք, սակայն, դա չարեցին, քանզի վախենում էին վնասել սեփական պատերազմական նպատակները»:

Ցեղասպանությու՞ն, թե՞ տեղահանում

ARD-ի թղթակիցը ներկայացնում է, որ Թուրքիան մինչ օրս վճռականորեն հերքում է Ցեղասպանության մեղադրանքը՝ եղելությունը համարելով իբրեւ Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանք, երբ «զոհվեցին հայեր եւ մահմեդականներ...»:

Թուրք հրապարակախոս Այդին Էնգինը հակադարձում է այս պնդմանը՝ համոզմամբ, որ այն իսկական պլանավորված դիտավորություն էր:

Նա հաղորդման ընթացքում մեկնաբանում է, որ ծրագրի էությունը հայերին ամբողջությամբ ոչնչացնելը չէր, այլ նրանց, առանց բացառության, իրենց հայրենի բնակավայրերից հեռացնելն էր. «Ես չեմ հավատում, որ ծրագիր կար տեղահանման ճանապարհին սպանելու հայերին: Ամեն դեպքում սրա վերաբերյալ փաստաթղթեր չկան... Այն ամենը, ինչ ուզում էին, այն էր, որ նրանք լքեն Անատոլիան: Սա էր նպատակը»:

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը հավատացած է, որ այս քաղաքականությունը դեռ պատերազմից առաջ էր ծրագրվել. «Սա ցեղասպանության քաղաքականություն չէր, սա քրիստոնյաների ամբողջովին բնաջնջման քաղաքականություն չէր: Սա միջոցներ եւ ուղիներ գտնելու քաղաքականություն էր՝ ազատվելու Անատոլիայի քրիստոնյաներից: Հույների դեպքում այն հեշտ էր: Դա երկիր է, դու մտցնում ես նրանց նավերը եւ ուղարկում Հունաստան»:

Հեղինակը նաեւ թվային փաստեր է ներկայացնում նախապատերազմական  շրջանի Անատոլիայի բնակչության քրիստոնյա զանգվածի մասին՝ 25-30 տոկոս, այսինքն՝ 4-5 միլիոն մարդ:

Քրիստոնյաները՝ Օսմանյան կայսրության «ուռուցք»

Աքչամը մեկնաբանում է, որ Անատոլիայի քրիստոնյաները դիտարկվում էին իբրեւ հավանական վտանգ, որին պետք էր վճռականորեն դեմ գնալ. «Ի սկզբանե այնպես էր, որ հայերը պետք է վտարվեին Ռուսաստան: Ռուսաստանը, սակայն, հակառակորդ էր, եւ օսմանյան ռազմական առաջնորդները մտավախություն ունեին, որ հայերը կմիանան ռուսական բանակին»:

Ըստ պատմաբանի՝ թուրքերն օգտագործում էին «ներքին ուռուցք» տերմինը. կարծես թե մի բացիլ կար մարմնում, որը պետք է հեռացվեր:

Բեռլինը տեղեկացված էր

Գոթշլիխը պատմում է, որ գերմանացիները լիովին տեղյակ էին հայերի սպանդի մասին: Ավելին, Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպան Հանս Ֆրայհեր ֆոն Վանգենհայմը օսմանյան տարբեր քաղաքներից զգուշացումներ, բողոքի նոտաներ եւ հեռագրեր էր ստացել: Դիվանագետը 1915թ. հուլիսին բառացիորեն գրել է. «Պետք է ելնել նրանից, որ այն, ինչն այնտեղ կատարվում է, ուղղված է հայկական ռասսայի ոչնչացմանը»: Բեռլինը չարձագանքեց. Գերմանիայի իշխանությունները վախենում էին կորցնել դաշնակցին: 

Գոթշլիխը պատմում է, որ Վանգենհայմին հաջորդած դեսպան Պաուլ Գրաֆ Մեթերնիխն առաջարկեց օսմանյան իշխանություններին սպառնալ պատժամիջոցներով, եթե նրանք չդադարեցնեն սպանդը: ԱԳ նախարար Գոթլիբ ֆոն Յագովը դեմ չէր դրան, ինչին, սակայն, կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգը կտրականապես դեմ արտահայտվեց. «Մետերնիխը տարբերվում էր Վանգենհայմից: Նա փաստացի փորձեց դադարեցնել Ցեղասպանությունը»:

Գոթշլիխը իր՝ «Նպաստ ցեղասպանությանը» գրքում եզրակացնում է, որ Գերմանիան ուներ քաղաքական կշիռ, ինչպես նաեւ տնտեսական եւ ռազմական լծակներ՝ դադարեցնելու հայերի զանգվածային մահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ