News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը այսօր` փետրվարի 25-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարում մերժեց պաշտպանական կողմի` կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ միջնորդությունը առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, ինչը, ըստ պաշտպանների, կարգավարական խիստ խախտում է, որի համար դատավորը պատասխանատվություն պետք է կրի, որի նախադեպը ՀՀ-ում եղել է։

 «Առանց խորհրդակցական սենյակ հեռանալու միջնորդություն մերժելու՝ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված: Դատարանը պետք է հեռանա խորհրդակցական սենյակ, կայացնի որոշում, որը կհրապարակի դատարանի ամբողջ կազմի կողմից ստորագրված  առանձին փաստաթղթի ձեւով, ինչը պաշտպանական կողմին հնարավորություն կտա որոշելու հետագա քայլերը»,- ասաց Կիվիրյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նշենք, որ դատավոր Արթուր Մկրտչյանը ստիպված էր հեռանալ խորհրդակցական սենյակ եւ միջնորդությունը մերժելու վերաբերյալ գրավոր որոշում կայացնել։ Չնայած դրան, Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով` դատավորը արարքը ենթարկելի է պատասխանատվության:

Դատարանը կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց` իր որոշումը հիմնավորելով այն հանգամանքով, որ Արգիշտի Կիվիրյանի գլխի, ճակատի, քթի եւ ձախ աչքի արյան զեղման վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը համադրվել է այլ ապացույցների հետ, մասնավորապես`տուժող Վրթանեսյանի, ամբաստանյալ Կիվիրյանի ցուցմունքների եւ ՃՈ մեքենայում ինքնավնասման վերաբերյալ փորձարարության արդյունքների հետ` ավելացնելով, որ փորձագիտական եզրակացությունը հիմնավոր է:

Նշենք, որ պաշտպանական կողմը կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է պահանջում՝ պնդելով, որ առկա եզրակացությունը ոչ ձեւի, ոչ բովանադակության առումով փորձաքննության եզրակացություն համարել չի կարելի:

Երվանդ Վարոսյանը նշեց, որ կրկնակի փորձաքննությունը անհրաժեշտություն է, քանի որ եթե պարզվի, որ Արգիշտի Կիվիրյանը ինքնավնասման միջոցով չէ վնասվածքներ ստացել, ապա նրան առաջադրված մեղադրանքն անհիմն է:

Մեղադրող Երիցյանը պնդեց, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննության կարիք չկա, քանի  որ եզրակացությունում մանրամասն նշվում է, որ Կիվիրյանը վնասվածքները ինքնավնասման ճանապարհով է ստացվել: Մեղադրողը նաեւ կարծիք հայտնեց, որ պաշտպանական կողմի՝ սկավառակի տեսքով դատարանին ներկայացրած փորձարարությունը պատկերող լրագրողների եւ դիտորդների կողմից կատարված տեսագրությունները գործին կցելու անհրաժեշտություն չկա, սակայն դատավորը նշեց, որ այն արդեն կցվել է գործի նյութերին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:

Տպել
Ամենաշատ