News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 դպրոցը մեկ տարվա մեջ վեց անգամ պարգևատրել է իր աշխատակիցներին՝ յուրաքանչյուրին 80 հազար դրամի չափով՝ այդպիսով մեկ տարվա ընթացքում վճարելով 5 միլիոն 700 հազար դրամի պարգեւավճար: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողներին ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը դպրոցի համապատասխան ֆինանսական փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո դրանցում կադրային խախտումներ եւ յուրացումների փաստեր է հայտնաբերել։

«2013թ. Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 դպրոցի 127 աշխատակցից 105 հոգին պարգևատրվել են նույն տարվա մեջ վեց անգամ: Պարգևատրման փաստի վերաբերյալ տվյալներ հավաքեցի և պարզվեց, որ դպրոցի կառավարման խորհրդի 2014թ. փետրվարին և մարտին կայացրած որոշումներով գերազանց աշխատանքի համար պարգևատրվել են, համապատասխանաբար, 45 և 20 մանկավարժական աշխատողներ: Դպրոցի պարգևատրված աշխատակիցների ցուցակները ուսումնասիրելուց հետո նախ պարզվեց, որ 45 հոգանոց ցուցակում 44 ազգանուն կա, որովհետև համարակալումը 41-ից թռել էր 43-ի, այսինքն, այս ցուցակից պարգևատրվել է 44 հոգի: Երկրորդ ցուցակում 64 ազգանուններից 16-ը կրկնվում էին, որից ենթադրվում է, որ պարգևատրվել է ընդամենը 48 հոգի»,-ասաց Բախշյանը:

Բացի դրանից, Անահիտ Բախշյանը մեքենայություններ է նկատել երեք տարիֆիկացինաներն ուսումնասիրելուց հետո։

«2014թ. փետրվարին որպես կրթության աջակցության գծով փոխտնօրեն պարգևատրված անձի փոխարեն 2014թ. մարտի 3-ին հաստատված տարիֆիկացիայի մեջ այդ պաշտոնում այլ անձ է արձանագրված, իսկ պարգևատրվածի ազգանունն ընդհանրապես գոյություն չունի վերոնշյալ տարիֆիկացիայում: Այն հայտնվել է 10.10.2014թ. հաստատված տարիֆիկացիայում: 2013թ. մայիսի 5-ին նույն հրամանով լրիվ դրույքով աշխատանքի են ընդունվել սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների գծով երկու ջոկատավարներ այն դեպքում, երբ այդ ժամանակաշրջանի համար հաստատված հաստիքացուցակում նախատեսվել է մեկ դրույք: Ընդ որում երկուսն էլ 2014թ. պարգևատրվել են, սակայն նրանցից մեկի անունը 30.09.2013թ. հաստատված տարիֆիկացիայում կա, մյուսինը՝ չկա, բայց 03.03.2014թ. հաստատված տարիֆիկացիայում չկա այն աշխատակցի անուն ազգանունը, ով 2014թ. փետրվարին պարգևատրվել է և հայտնվել է 10.10.2014թ. հաստատված տարիֆիկացիայում: Պարգևատրվածների ցուցակում առկա է մի մարդու անուն ազգանուն, ում հրամանը տրվել է դեռևս 11.09.1986թ., սակայն ո՛չ 30.09.2013թ., ո՛չ 03.03.2014թ. հաստատված տարիֆիկացիաներում այդ անուն ազգանունը չկա: Այդ անունը հայտնվել է 10.10.2014թ. տարիֆիկացիայում»,- ասաց տիկին Բախշյանը։

Ավագանու անդամն այս փաստերի մասին տեղյակ է պահել Երևանի քաղաքապետին՝ խնդրելով, որ վերահսկողության բաժինը ստուգի այդ փաստերը։ Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը, ըստ Բախշյանի, դպրոցում ստուգումներից հետո պատասխանել է, որ ամեն ինչ լավ է։

«Ասում են՝ դե՞մ ես, որ ուսուցչին պարգևատրում են: Միանշանակ դեմ չեմ, եթե ուսուցչին պարգևատրում են գերազանց աշխատանքի համար, և այդ պարգևատրումը հասնում է հասցեատիրոջը»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ  2014թ. աշնանը նույն դպրոցում ստուգում է իրականացրել նաև Կրթության պետական տեսչությունը և ոչ մի թերություն չի արձանագրել՝ դպրոցի տնօրենի աշխատանքը գերազանց գնահատելով։

Տպել
Ամենաշատ