News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի ավագանու՝ 2014թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ գյուղի միակ մանկապարտեզը լուծարվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց մանկապարտեզի տնօրեն Մարլենա Բաբայանը՝ նշելով, որ հունվարի 1-ից մանկապարտեզի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումն իրեն փոխանցել են միայն հունվարի 15-ին՝ առանց լուծարման հիմնավորում ներկայացնելու։

«Մինչեւ հունվարի 15-ը մանկապարտեզը գործել է, այնուհետև նրանց պահանջներից հետո գործունեությունը դադարեցվեց: Դիմել ենք համայնքի ղեկավարին, գյուղի բնակիչներով գրավոր դիմել ենք Տավուշի մարզպետին, բայց ոչ մի դրական արդյունք չկա»,- ասաց մանկապարտեզի տնօրենը:

Գյուղում գործող միակ մանկապարտեզի լուծարումից հետո մոտ 30 սաները փաստորեն զրկվել են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, քանի որ մոտակա գյուղը 4 կմ հեռավորության վրա է, իսկ մանկապարտեզի 5 աշխատակիցները գործազրուկ են դարձել։

Դեբեդավան համայնքի ղեկավար Վանյա Դեմիրճյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզը լուծարվել է ֆինանսական միջոցների պակասի պատճառով։

«Մանկապարտեզը լուծարելու իրավասությունը համայնքի ղեկավարությունը ուներ, և քանի որ համայնքի միջոցներով անհնար էր մանկապարտեզի գործունեությունը շարունակել, որոշում կայացվեց լուծարել այն: Եթե ժամանակի ընթացքում գտնվեն հովանավորներ, այն կվերաբացվի, բայց նախկին ձևով շարունակել մանկապարտեզի աշխատանքն այլևս հնարավոր չէր»,- ասաց համայնքապետը։

Մինչդեռ դեբեդավանցիների տեղեկություններով՝ մանկապարտեզը փակվել է, դրա փոխարեն նախակրթարան բացելու նպատակով։

«Մանկապարտեզ հաճախում էր 29 երեխա, իսկ նախակրթարանի համար անհրաժեշտ է ընդամենը 8 երեխա: Ծնողներով համաձայն չենք, որ մեր երեխաները հաճախեն նախակրթարան, մեզ մանկապարտեզն էլ էր բավական՝ մեր երեխաներին փոշուց, մեքենաներից, վտանգներից հեռու պահելու համար: Մենք ծնողներով մանկապարտեզի համար վառելափայտ էլ էինք տանում, մնացած բոլոր խնդիրներն էլ փորձում էինք ինքներս լուծել: Անգամ Նոր տարվա միջոցառմանը համայնքը երեխաներին պարկեր գնելու համար ֆինանսական օգնություն չտրամադրեց ու դա էլ ենք մենք արել»,-ասաց մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի մայրը՝ Քրիստինե Սարգսյանը։

Քրիստինեն երկու երեխա ունի, որոնցից առայժմ մեկն է մանկապարտեզ հաճախում։ Նա էլ գյուղի մյուս մայրերի նման փաստի առջեւ է կանգնել.  «Մանկապարտեզը փակվելուց հետո շատ ահավոր վիճակում ենք հայտնվել, ամբողջ օրը երեխաս դրսում խաղում է ոչ հարմար տեղում՝ ճանապարհի վրա, քանի որ խաղալու համար ուրիշ հարմար տեղ չկա գյուղում: Մենք էլ վախենում ենք մենակ թողնել, անընդհատ հետևում ենք, որ մի վատ բան չպատահի: Փոքրիկ էլ տանը ունեմ, չգիտեմ՝ ինչպես հասցնեմ գործերս»,- դժգոհեց Քրիստինեն:

Տպել
Ամենաշատ