«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տեսանյութ է պատրաստել, որտեղ մանրամասն քննարկված է, թե ինչից զրկվեց Հայաստանը` չասոցացվելով Եվրամիության հետ:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նշում է. «Ասոցացման պայմանագրի հիմնական մասը դրա՝ առեւտրին վերաբերող հատվածն էր, որը կոչվում էր Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր: Դրանով նախատեսվում էր Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների մաքսատուրքերի փոխադարձ զրոյացում եւ ընթացակարգերի պարզեցում։
Օրինակ՝ ըստ նիդեռլանդական Ecorys կազմակերպության հետազոտության, Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր 2.3 տոկոսով, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանային 146մլն դոլարով: Արտահանման ծավալները ավելանալու էին 15 տոկոսով, իսկ աշխատավարձերը բարձրանալու էին 2.7 տոկոսով:
Հայաստան ներմուծվող եվրոպական ապրանքների մաքսատուրքից ազատումը հանգեցնելու էր սպառողական ապրանքների գնաճի 1,2 տոկոսանոց կոմպենսացիայի եւ աղքատության նվազման:
Ըստ ՀՀ կառավարության ներկայացրած հայտնի, առավել արդյունավետ ինտեգրացիայի համար Եվրամիությունը Հայաստանին 4, 85 մլրդ եվրոյի անհատույց դրամաշնորհ պետք է տար:
Այս ամենի դիմաց մենք չէինք կորցնում մեր արտաքին տնտեսական քաղաքականության անկախությունը եւ ազատ էինք այլ երկրների հետ ինքնուրույն առեւտրային հարաբերությունների կառուցման հարցում»: