Լիսաբոնում կայացել է Brainflight նախագծի շնորհանդեսը. մարդը կարողացել է թռիչք եւ վայրէջք կատարել, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարք կառավարել բացառապես մտքի ուժով: Նոր տեխնոլոգիայի մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Օպերատորի գլխին ուղեղի ակտիվությունը չափող սաղավարտ են հագցրել: Մարդը պատկերացրել է անօդաչու սարքի անհրաժեշտ շարժումը, իսկ հատուկ ծրագիրն ուղեղի ազդանշանները վերածել է սարքին հասկանալի հրահանգի: Մեթոդիկան սովորելու համար որոշ ժամանակ է անհրաժեշտ եւ, մասնագետների հավաստմամբ, այն միանգամայն անվտանգ է առողջության համար:
Ըստ Lenta-ի, համակարգը հաջողությամբ փորձարկվել է չորստեղանոց քաղաքացիական Diamond DA42 ինքնաթիռի թռիչքի սիմուլյատորում: Սարքը մշակողները հույս ունեն առաջիկայում այն փորձարկել իրական թռիչքի պայմաններում: «Մեր մոտեցումը թույլ կտա ինքնաթիռը կառավարել նույն պարզությամբ, ինչպես մարդիկ քայլում եւ վազում են: Արդյունքում պրոֆեսիոնալ օդաչուների պահանջարկը կնվազի, իսկ բազմաթիվ հաշմանդամներ կկարողանան յուրացնել այդ մասնագիտությունը»,- ասված է նախագծի մասնակիցներից Tekever ընկերության տարածած հաղորդագրությունում: