News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հետխորհրդային երկրներից վերջինն է, որը բախվեց Ռուսաստանի տնտեսական խնդիրներին այն բանից հետո, երբ մանաթը գրեթե մեկ երրորդով արժեզրկվեց դոլարի եւ եվրոյի նկատմամբ: Այս մասին իր հոդվածում գրում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

Ըստ նրա, չնայած Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարբերություններին, Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները կբախվեն տնտեսական դժվարությունների քաղաքական հետեւանքների հետ, որոնք տարբեր կերպ կարտահայտվեն:

Ադրբեջանում տնտեսական անկումը, դե Վաալի խոսքով, անսպասելի էր: «Ամիսներ շարունակ կառավարությունը հայտարարում էր տնտեսական խնդիրների հանդեպ իմունիտետի մասին: Այնուհետեւ երկրի Կենտրոնական բանկն անսպասելիորեն հայտարարեց դոլարի նկատմամբ 33%-ով եւ եվրոյի նկատմամբ՝ 30%-ով մանաթի անկման մասին»,- գրում է վերլուծաբանը:

«Սեւ շաբաթը» երկրի բանկերում եւ սուպերմարկետներում քաոսի հանգեցրեց, որոնք, հաղորդագրությունների համաձայն, փակվում էին ներկրված ապրանքների գների կտրուկ անկման պատճառով: Դե Վաալի դիտարկմամբ, Ադրբեջանի նախագահը փորձեց սփոփել հանրությանը՝ մանաթի արժեզրկումն անվանելով «տարածաշրջանային գործընթացների արդյունք»:

Վերլուծաբանը հիշեցնում է, որ նավթի գներն ընկնում են, մինչդեռ հենց նավթն ու գազն են կազմում արտահանումից Ադրբեջանի եկամուտների 95%-ը: Երկրի 2015 թվականի բյուջեում նավթի գինը սահմանվել է 1 բարելը 90 դոլար: «Տասը տարվա ընթացքում ադրբեջանցիները նավթային բում եւ աճող բարեկեցության զգացում ապրեցին: Եվրոգոտում ճգնաժամից առաջ եվրոպական բազմաթիվ երկրների նման, շատերը մեծ պարտքեր կուտակեցին բանկերում եւ վարկեր՝ անշարժ գույք եւ երկարատեւ օգտագործման սպառողական ապրանքներ գնելու համար: Ոսկեդարը, սակայն, մոտենում է ավարտին: Նավթի արտահանումը նվազում է: Արեւմտյան խոշորագույն BP նավթային ընկերությունը կրճատել է աշխատատեղերը: Հիմա արժեզրկվում է նաեւ ազգային արժույթը»,- գրում է Թոմաս դե Վաալը:

Նրա կարծիքով, Եվրոպական օլիմպիական խաղերի հեղինակավոր նախագիծն ավելի շատ նմանվում է չափազանցված ինքնագնահատականի արտահայտության: Ավտորիտար Ադրբեջանում բողոքի մասին եզակի հաղորդագրություններ են հայտնվում, սակայն հասարակությունը բողոքում է, եւ արդեն հարկավոր է քաղաքական վերնախավի շրջանում «նվազող տնտեսական կարկանդակի մի կտորի համար» բուռն պայքար սպասել:

Ինչ վերաբերում է Վրաստանին, որտեղ լարին շուրջ 30%-ով արժեզրկվեց. դե Վաալի խոսքով, այստեղ չկան ընդդիմադիր ուժեր, որոնք պատրաստ են մարտահրավեր նետել «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը:

Իսկ Հայաստանում, որի տնտեսությունը միահյուսված է Ռուսաստանի հետ, դրամը նույնպես արժեզրկվեց, սակայն փաստը, որ դրամը ռուսական ռուբլուց ավելի պակաս արժեզրկվեց, ճակատագրի հեգնանքով, հանգեցրեց երկրի համար բացասական մեծ հետեւանքների. հայկական ապրանքների արտահանումըkրճատվեց, իսկ հազարավոր աշխատանքային միգրանտներ ստիպված եղան Ռուսաստանից տուն վերադառնալ: Եվ այս ամենը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ միասին:

«Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանում քաղաքական դրամա տեղի ունեցավ: Օլիգարխ եւ երկրի գլխավոր այլընտրանքային կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մարտահրավեր նետեց նախագահ Սարգսյանին, բայց հետո հանձնվեց: Ենթադրվում է, որ Ծառուկյանի կապիտուլյացիայի գինը նրա մենաշնորհների դեմ հետաքննություն սկսելու սպառնալիքի չեղարկումն է»,- գրում է վերլուծաբանը:

Նրա խոսքով, Ծառուկյանի նման անձիք գերիշխող դիրք են զբաղեցնում տնտեսությունում եւ շահարկում են հիմնական ապրանքների գները, ընդ որում՝ իրենց ապահովագրելով դրամի արժեզրկումից եւ բնակչությանն ավելի խորը աղքատության վտանգի ենթարկելով:

«Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Ադրբեջանի հակառակորդներից, կարող են այլեւս չվախենալ օլիգարխների խռովությունից: Սակայն Հայաստանի բնակչությունը վրդովված է եւ ավելի պակաս վախեցած: Քաղաքականության հանդեպ վստահությունը հասել է ռեկորդային ցածր մակարդակի: Հանրության շրջանում զայրույթի ձայն կարող է բարձրանալ արդեն այս տարվա գարնանը»,- ամփոփում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ