Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարն աղոտ է: Այս մասին՝ փետրվարի 26-ին, հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը՝ Կոնգրեսում ներկայացնելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների գնահատականը համաշխարհային սպառնալիքների վերաբերյալ:
«2014թ. հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում գրանցվել է հրադադարի խախտումների աճ եւ մահվան դեպքերի ռեկորդային թիվ: Բռնության նման աճը վկայում է, որ հակամարտ զինված ուժերի միմյանց այդքան մոտ տեղակայված լինելը շարունակում է սխալ հաշվարկի կամ չկանխամտածված լարվածության ռիսկեր պարունակել: Խաղաղ կարգավորման հեռանկարը տեսանելի ապագայում աղոտ է»,- ԱՄՆ ազգային հետախուզության կայքի հաղորդմամբ, ասել է Քլեփերը:
Նշենք, որ տարեկան այս լսումների ժամանակ ԱՄՆ հատուկ ծառայությունների ղեկավարները ներկայացնում են ԱՄՆ-ի եւ աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերները: