Երեւանի քաղաքապետարանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ բանակցություններ է վարում էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագրի շուրջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Նրա խոսքով, քննարկումները դեռեւս ամենավաղ փուլում են: «Այդ պատճառով հիմա նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչ ծավալների մասին կարող է խոսք լինել: Նոր ենք սկսել քննարկումները»,- պարզաբանեց փոխքաղաքապետը:
Նշենք, որ ծրագրի մասին նեղ շրջանակներում տեղեկություններ էին պտտվում մի քանի ամիս շարունակ: Իսկ 2014 թվականի վերջին մերձավոր արտերկրի հանրապետություններից մեկից քաղաքապետարան այցելեց տրոյլեբուսների պոտենցիալ մատակարարը:
Երեւանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տվյալներով, ֆիզիկապես եւ բարոյապես քայքայվել է քաղաքի տրոլեյբուսների շուրջ 60%-ը, շփման ցանցի 70%-ը եւ կայանների եւ մալուխների 90%-ը: