News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը դատապարտել է ռուսաստանցի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը: «ԱՄՆ նախագահ. Միացյալ Նահանգները դատապարտում են Բորիս Նեմցովի դաժան սպանությունը: Մենք կոչ ենք անում ՌԴ կառավարությանը արագ, անաչառ եւ թափանցիկ հետաքննություն իրականացնել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,-ասված է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Twitter-ի պաշտոնական էջում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիանում էր ընդդիմադիր Բորիս Նեմցովի գործունեությամբ: «Նեմցովն իր երկրի անդուլ պաշտպանն էր: Նա ձգտում էր հասնել իր երկրի քաղաքացիների համար այն իրավունքներին, որոնց արժանի են բոլոր մարդիկ: Ես հիանում էի Նեմցովի համարձակությամբ եւ Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարին նրա հավատարմությամբ: Ես գնահատում էի անկեղծորեն իր հայացքները կիսելու նրա ցանկությունը, երբ մենք հանդիպեցինք 2009-ին Մոսկվայում: Մենք մեր խորը ցավակցություններն ենք հայտնում Բորիս Նեմցովի ընտանիքին եւ ռուս ժողովրդին, որը կորցրեց իր իրավունքների ամենահետեւողական պաշտպաններից մեկին»,-ասել է Օբաման:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է արել ՌԴ իշխանություններին գտնել ու արդարադատությանը հանձնել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեղավորներին: «Ես ցնցված էի եւ տխուր՝ տեղեկանալով Մոսկվայի կենտրոնում Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի դաժան սպանության մասին: ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին գործել արագ, գտնել ու արդարադատությանը հանձնել մեղավորներին: Մեր մտքով ռուս ժողովրդի, Նեմցովի ընտանիքի ու ընկերների հետ ենք: Մենք սգում ենք նրա մահը»,-ասել է Քերրին:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա, փետրվարի 28-ի գիշերը գնդակահարել են Բորիս Նեմցովին: 55-ամյա քաղաքական գործչի վրա կրակել են 6 անգամ, որից 4-ը դիպել է նրան: Նեմցովը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ