Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Մոկսվայում սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը մահից առաջ «Սոբեսեդնիկ» ռուսական պարբերականին տված հարցազրույցում պատմել էր այն մասին, որ իր մայրը վախենում է, թե իրեն սպանելու են։ Պարբերականը ներկայացրել է հարցազրույցն ամբողջությամբ։
«Ընդդիմադիր գործիչը պատմել էր իր մոր Դինա Յակովլեւնայի մասին եւ խոստովանել, որ վերջինս վախենում է, որ իր տղային շուտով կսպանի Վլադիմիր Պուտինը (կամ նրա մարդիկ)։ Մոր մասին ես Բորիս Նեմցովին պատահաբար չհարցրի՝ փետրվարի սկզբին զանգահարելով նրա բջջային հեռախոսին։ Բանն այն է, որ այս տարի «Սոբեսեդնիկում» հայտնվեց նոր հոդվածաշար՝ «Ողջույն, մայրի՛կ»։ Լսելով հոդվածաշարի ձեւաչափի մասին՝ Նեմցովն ասաց, որ իր մայրը խնդրում է իրեն այլեւս չքննադատել Պուտինին»։ NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույցի այդ հատվածը։
Նա Ձեզ հարցնում է, ե՞րբ եք դադարելու քննադատել Պուտինին։
Երբ ես զանգում եմ նրան, նա ինձ ասում է. «Որդի՛ս, ե՞րբ ես դադարելու քննադատել Պուտինին»։ Նա քեզ կսպանի (ծիծաղում է)։
Իսկ նա անձամբ ինչպե՞ս էր վերաբերվում Պուտինին՝ լավ, թե՞ վատ։
Նա Պուտինին շատ վատ էր վերաբերվում. դա բնական է, ես նրա որդին եմ վերջիվերջո։ Մայրս ինձ միշտ սովորեցրել է պաշտպանել սեփական կարծիքը, անկախ եւ ինքնուրույն լինել։ Մայրս, ի դժբախտություն իրեն, հենց այդպես է ինձ դաստիարակել եւ հիմա բարկանում է, երբ ես քննադատում եմ Պուտինին, մի մարդու, ով փորձում է մեզնից խլել ազատությունը։ Մայրս հատկապես սկսել էր վատ վերաբերվել նրան Բեսլանի եւ «Նորդ Օսթի» դեպքերից հետո։ Եվ հիմա Ուկրաինայի պատերազմի պատճառով նա Պուտինին շատ վատ է վերաբերվում։ Նա Պուտինին վերաբերվում է ճիշտ այնպես, ինչպես ես, ուղղակի վախենում է, որ ինձ կսպանեն։
Նա իրոք վախենո՞ւմ է դրանից, թե՞ կատակում է։
Ոչ։ Նա իրոք վախենում է։ Նա խելացի մարդ է եւ շատ է վախենում։ Նա նաեւ ծեր կին է, եւ այդ պատճառով էլ հասկանալի է, որ տարիքային մտավախություններ ունի։ Այդ տարիքում շատ բաներից ես վախենում, բայց նա իր համար չի վախենում, ինձ համար է վախենում։
Կարո՞ղ եք ավելի շատ պատմել Ձեր մոր մասին։ Նրա անունը Դինա Յակովլեւնա է (Էյդման, 1928 թ. ծնված)։ Նա վաստակավոր բժիշկ մանկաբույժ է։ Հիմա, իհարկե, չի՞ աշխատում։
Ոչ, իհարկե, կատակու՞մ եք։
Ինչպե՞ս է նա իրեն զգում։
Նա հիանալի է իրեն զգում. ավելի քիչ սպիտակ մազ ունի, քան ես։ Հիշողության կորուստներ նույնպես չունի։
Առանձի՞ն եք ապրում։
Այո, նա Նիժնի Նովգորոդում է ապրում, ես՝ Մոսկվայում։
Բորի՛ս, քաղաքականությունից բանից, ի՞նչ թեմաներով եք զրուցում Ձեր մոր հետ։
Երեխաների՝ նրա թոռների մասին։
Հարցնու՞մ է, ինչպես են նրանց գործերը։
Բնականաբար, բնականաբար։ Այստեղ տարօրինակ ոչ մի բան չկա։
Լավ։ Պուտինից բացի, ուրիշ ի՞նչ քաղաքական թեմաներով եք զրուցում Ձեր մոր հետ։ Օրինակ՝ ի՞նչ է նա մտածում Ուկրաինայի իրավիճակի մասին։
Կտրականապես դեմ է։ Կարծում է, որ դա աղետ է եւ իսկական սարսափ։
Այսինքն՝ քաղաքականությունը նրա համար միայն Պուտինով չի՞ սահմանափակվում։
Ոչ։ Սակայն պատերազմը Պուտինն է սկսել, ուստի սրանք իրար հետ կապված թեմաներ են։
Իսկ Ձեզ նման այլ ընդդիմադիրներին ինչպե՞ս է նա վերաբերվում։
Նա շատ լավ է վերաբերվում Խոդորկովսկուն, ճանաչում է նրան, շփվել էր նրա հետ նախքան կալանավորելը։ Նավալնիին նույնպես լավ է վերաբերվում, սակայն կարծում է, որ նրան կարող են երկար ժամանակով բանտարկել։ Նա խղճում է Նավալնու կնոջը՝ Յուլյային։
Ինչու՞։ Չէ՞ որ ամեն բան լավ վերջացավ։ Նրան պայմանական ազատազրկեցին։
Առաջին հերթին, դեռ ոչ մի բան չի վերջացել։ Երկրորդ՝ նրա համար սարսափ է, երբ երեխաները մնում են առանց հոր։
Նա չի վախենում, որ Նավալնուն կսպանեն, սակայն Ձեր համար վախենու՞մ է։
Նա չի կարող բոլորի համար վախենալ։ Նա իմ մայրն է, ոչ թե Նավալնու։
Ձեր մոր հետ ունեցած ամենախիստ զրույցը ինչի՞ մասին էր։
Մենք քննարկում էինք իմ կրտսեր դստերը՝ Սոֆյային, որը երգում է Ալլա Պուգաչովայի մոտ։ Մայրս շատ հետաքրքրվում էր, թե ումի՞ց է ժառանգել աղջիկս նման ձայնային տվյալներ։ Այդ հարցին ես չկարողացա պատասխանել (ծիծաղում է)։
Եվ ես վերջում կհարցնեմ. Դուք ինքներդ չե՞ք վախենում Պուտինից, թե՞ ամեն դեպքում զգուշություն եք ցուցաբերում։
Ես ինքս... շատ չեմ վախենում։
Սակայն մի փոքր վախենու՞մ եք։
Լսեք, ես կատակում եմ։ Եթե ես վախենայի, ես չէի ղեկավարի ընդդիմադիր կուսակցությունը եւ չէի զբաղվի այն գործով, ինչով հիմա զբաղվում եմ։ Մայրս, իմիջիայլոց, սիրում է Դիմա Բոկովին եւ գիտի, որ նա աշխատում է «Սոբեսեդնիկում»։ Ձեզ ողջույններ է փոխանցում եւ մաղթում ամենալավը։