ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած քաղաքական ուժերի հանդիպումներին «Հիմնադիր խորհրդարանի» չմասնակցելու մասին հայտարարության մեջ անհասկանալի բան կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ նույնիսկ այդ անհասկանալի բանը ինքը պատրաստ է հարգել: ԱԻՄ առաջնորդը շեշտեց, որ հանդիպումների ժամանակ էլ «Հիմնադիր խորհրդարանը» պահանջում էր գործնականություն: «Մոտավորապես դա նման է նրան, որ հրավիրում ես կնունքի, ասում է՝ ես հարսանիք եմ ուզում: Ես հրավիրել եմ հանդիպումների սեփական ծրագրերը մատուցելու, իրենց ծրագրերը լսելու համար, խորհրդատվական բնույթի էին հանդիպումները, որոնք ապագայոմ կարող էին գործնական զարգացումներ ունենալ: Իրենք որոշ հանդիպումների մասնակցելուց հետո հետեւողականորեն պնդում էին, որ անպայման պետք է գործ արվի, բայց ես անմիջապես ինչ-որ գործ անելու համար չէի հրավիրել: Իհարկե, հնարավոր է, որ մտքերի փոխանակության, հանդիպումների արդյունքում գայինք ինչ-որ քայլեր անելու համաձայնության»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:
Նա նշեց, որ մյուս 6 ուժերը արեւմտյան արժեհամակարգի կողմնակիցներ են, իսկ «Հիմնադիր խորհրդարանը» մի քիչ իր տեղում չէր, խոսում էր Հայաստանի ինքնիշխանության մասին՝ դա հակադրելով քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգին:
Պարույր Հայրիկյանը շեշտեց, որ սա հանդիպումների հարթակ է, մասնակիցների թիվը կարող է ավելանալ կամ պակասել, դրան հանգիստ է վերաբերում, «այս գաղափարախաոսական բեւեռացոռւմը ուղղակի հանության պահանջն էր»: ԱԻՄ առաջնորդի համար սպասելի էր «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարությունը.
«Նրանք գալիս էին հանդիպումների ոչ թե մտքերի փոխանակության համար, այլ ասում էին ՝ուզում ենք գործ անենք, իրենք ուզում են գործը անել անմիջապես: Ինչքանո՞վ է հավանական 20 օրվա ընթացքում սպասել, որ զարգացումներ կլինեն, ես քաղաքականության մեջ տասնյակ տարիների փորձ ունեմ եւ գիտեմ, որ գործողություններ անելու համար պետք է նախ շփվել»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:
Ի դեպ, քաղաքական 7 ուժերի վերջին հանդիպումը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կայացել էր երեկ, հաջորդ հանդիպումը կլինի մյուս շաբաթ, իսկ այդ ընթացքում կլինեն նաեւ առանձին հանդիպումներ:
Հիշեցնենք, որ արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների եւ խորհրդակցությունների մեջ են: Հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է, իսկ այդ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները: Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածել եւ նշել, որ տարբեր ձևաչափերով խորհրդակցական հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ: Նույն սկզբունքով Հիմնադիր խորհրդարանը մասնակցել է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հանդիպումներին: Հանդիպումները ցույց տվեցին, որ դրանց ընթացքը չի համընկնում Հիմնադիր խորհրդարանի ծրագրին: Այդ պատճառով Հիմնադիր խորհրդարանը դադարեցնում է իր հետագա մասնակցությունը դրանց»: