News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մարդատար-տաքսի ավոտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպումը կանոնակարգող «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունների   համաձայն` Երեւան քաղաքում եւ մարզերում տաքսի ծառայություն մատուցող   վարորդների համար սահմանվել է պետական տուրքի վճարումների տարբերակված  սկզբունք։

Ըստ այդմ՝ Երեւանում տաքսի ծառայություն մատուցելու համար սահմանվել է 12 հազար դրամ ամսական տուրք, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար, տարեկան՝ 120  հազար դրամ:

Հանրապետության մյուս՝ 49 քաղաքներում, ամսական տուրքը կազմում է 8000, եռամսյակայինը՝ 23 հազար, տարեկանը՝ 80 հազար դրամ:

700 գյուղական համայնքներում տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք ամսվա ավարտին կվճարեն ավելի քիչ՝ 5000 դրամ: Եռամսյակի եւ տարեկան տուրքի համար վճարվող գումարները եւս ավելի պակաս են. համապատասխանաբար՝ 13.500 եւ 45.000 դրամ:

Օրենքում տարբերակված մոտեցում է ցուցաբերվել 183 սահմանամերձ բնակավայրերի տաքսու վարորդներին: Ամսական տուրքը նրանց համար կազմում է 4000 դրամ, եռամսյակայինը՝ 9000, տարեկանը՝ 30.000 դրամ:

Տարածված լուրերը, թե օրենքով վարորդներին պարտադրվում է հանրապետության հեռավոր մարզերից հասնել մայրաքաղաք՝ հաշվիչները ստուգաչափելու համար, իրականությանը չեն համապատասխանում: «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ  ընկերության ղեկավարը հերքում է շրջանառվող ասեկոսեները.

«Չափագիտության ազգային ինստիտուտն ունի մշտական բաժիններ, որոնք գործում են եւ զբաղվում են նաեւ տաքսու հաշվիչների ստուգաչափման աշխատանքներով»:

Հարկ եղած դեպքում Վանաձորում, Գյումրիում, Կապանում եւ Գավառում ներկայում գործող մշտական բաժինների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել: Չափագիտության ազգային ինստիտուտը պատրաստ է իր մասնագետներին գործուղել հանրապետության ցանկացած քաղաք՝ ստուգաչափման գործընթացը տեղում իրականացնելու համար: Տաքսու վարորդներին արագ սպասարկելու համար ոչ միայն մարզերում, այլ նաեւ մայրաքաղաքում բացվել են հավելյալ բաժիններ՝ հետեւյալ հասցեներում.

«Քաղաք Երեւան, Ազատության պողոտա 10/1 հասցեում, քաղաք Երեւան, Գուրգեն Մահարի փողոց 1/1 հասցեում, ինչպես նաեւ Տաքսիստների ասոցիացիայի հետ ունենք պայմանավորվածություն եւ այդտեղ էլ ունենք սպասարկող անձնակազմ՝ նախկին տաքսապարկի տարածքում՝ Ջուղայի 8 հասցեում: Մեկ հաշվիչի ստուգաչափման արժեքը 2400 դրամ է՝ (ներառյալ ԱԱՀ)»:

Վահան Սահակյանը պատրաստ է շուրջօրյա գործող(010) 23-26-00քաղաքային հեռախոսահամարով անձամբ պատասխանել բոլոր հարցերին:

Տպել
Ամենաշատ