News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր դիվանագիտության առջեւ անկախության հենց առաջին տարիներից խնդիր դրվեց առկա սուղ հնարավորություններով իրագործել հավակնոտ նպատակներ: Այս մասին, այսօր՝ Հայաստանի դիվանագետի օրվա առթիվ իր խոսքում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ստերեւ ներկայացնում ենք Էդվարդ Նալբանդյանի խոսքը.

«Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանում մասնագիտական տոների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Դիվանագետի օրը: Պատահական չէ, որ այն սահմանվեց մարտի 2-ին, քանի որ 23 տարի առաջ հենց այս օրը մեր դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջեւ: Հայաստանի անկախ հանրապետությունը դարձավ միջազգային ընտանիքը համախմբող ամենաընդգրկուն եւ ամենահեղինակավոր կազմակերպության անդամ: Հնարավորություն ընձեռնվեց մեր ձայնը ավելի լսելի դարձնել աշխարհում, մեր մասնակցությունը բերել մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների լուծմանը:

Ընդունված է ասել, որ դիվանագիտական գործունեության արդյունավետությունը հնարավոր է ապահովել նպատակների եւ միջոցների ճիշտ համադրության պարագայում: Մեր դիվանագիտության առջեւ անկախության հենց առաջին տարիներից խնդիր դրվեց առկա սուղ հնարավորություններով իրագործել հավակնոտ նպատակներ` նպաստել մեր հայրենիքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, ապահովելով արտաքին բարենպաստ միջավայր եւ աջակցություն:

Այս կարճ ժամանակահատվածում ամրապնդվել են միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքն ու հեղինակությունը, ընդլայնվել եւ խորացել են երկկողմ եւ բազմակողմ դիվանագիտական կապերը, էապես մեծացել է միջազգային գործընթացներում մեր պետության ներգրավվածությունը, ամրապնդվել է մեր արտաքին անվտանգության բաղադրիչը, մեր դիրքորոշումներն ու մոտեցումները առավել լսելի եւ ընկալելի են դարձել միջազգային հարթակներում, բարձրացել է Հայաստանի եւ արտերկրում գտնվող նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետությունը, ավելացել է տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թիվը:

Այսօր Հայաստանը հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 160-ից ավել երկրների հետ, ստորագրել է շուրջ 2 հազար միջազգային պայմանագիր եւ համաձայնագիր, 65 դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում:

Այս ամենին, անշուշտ, իրենց կարեւոր նպաստն են բերել հայ դիվանագետները` արհեստավարժ եւ, որ ամենակարեւորն է` հայրենանվեր աշխատանքով: Այս տարիների ընթացքում կայացել եւ ամրապնդվել է մեր դիվանագիտական ծառայության համակարգը, որը զգալի նոր շունչ է ստացել արտգործնախարարության Դիվանագիտական դպրոցի հիմնադրումից ի վեր:

Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմանների բարելավման առումով կարեւոր ձեռքբերում կարելի է համարել դիվանագիտական ծառայության աշխատանքների առանձնահատկությունների համաձայն նախագծված արտաքին գործերի նախարարության նոր վարչական համալիրի կառուցումը, որը, համոզված եմ, կնպաստի դիվանագիտական ծառայության եւ մեր աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:

Դիվանագետի մասնագիտական տոնը ոչ միայն առիթ է կատարված աշխատանքի գնահատականի, այլ նաեւ դրա արդյունավետության ակնկալիքների առումով: Հանրապետության Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշերը եւ նրա կողմից տրված հանձնարարականները պարտավորեցնում են մեր դիվանագիտությանը ներդնել ողջ ներուժը՝ ի նպաստ մեր ժողովրդի անվտանգության եւ բարեկեցիկ ապագայի կերտման:

Այս տարի նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավելյալ պարտավորեցնում է մեր դիվանագետներին՝ բազմապատկելու Մեծ Եղեռնի վերաբերյալ անժխտելի ճշմարտությունը ներկայացնելուն, կեղծարարություններին ու ժխտողականությանը հակազդելուն եւ դրանք չեզոքացնելուն ուղղված ջանքերը:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, շարունակելու է ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ:

Հայաստանը ակտիվ համագործակցություն է ծավալելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, խորացնելու է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Մենք շարունակելու ենք հետեւողական ջանքերը՝ սերտացնելու ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, առավել ամրապնդելու համագործակցությունը հարեւան Վրաստանի եւ Իրանի, խորացնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի, Գերմանիայի եւ եվրոպական այլ երկրների, Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի, ասիական, արաբական, լատինամերիկյան, աֆրիկյան պետությունների հետ, ընդլայնելու փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ընդարձակելու փոխհարաբերությունների աշխարհագրությունը:

Մեր դիվանագիտությունը ուշադրության կենտրոնում է պահելու տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտության օժանդակումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը:

Սիրելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ` մեր մասնագիտական օրվա կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ։

Ցանկանում եմ նաեւ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել արտգործնախարարության եւ դիվանագիտական ներկայացուցչությունների վարչատնտեսական անձնակազմին, որոնք ինչպես արտաքին գործերի նախարարության կենտրոնական աշխատակազմում, այնպես էլ արտերկրում Հայաստանի ներկայացուցչությունններում իրենց նպաստն են բերում մեր ամենօրյա աշխատանքներին եւ մեր կողքին են։

Շնորհակալություն եմ հայտնում դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով եւ համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցներն են։

Շնորհավո՛ր, հարգելի գործընկերներ։

Ի գո՛րծ՝ դեպի նորանոր ձեռքբերումներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ