Մարտի 2-ից 4-ը ժամանակահատվածում հերթական ամենամյա այցով Երեւանում է գտնվում ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) իրականացման առաջընթացը գնահատող ՆԱՏՕ-ի խումբը: ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների համատեղ կազմակերպած այցը նպատակաուղղված է ԱԳԳԾ եւ ՊՎԳ ծրագրերով Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի ստանձնած փոխհանձնառությունների վերստուգմանը, համագործակցության եւ օժանդակության լրացուցիչ հնարավորությունների ի հայտ բերմանը:
ՀՀ պաշտպանության նախարարության մասով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը քննարկվել է աշխատանքային խմբերի միջեւ լիագումար հանդիպումների եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ մտքերի ամփոփիչ փոխանակման տեսքով:
Քննարկումների ժամանակ ուսումնասիրվել են ԱԳԳԾ եւ ՊՎԳ նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքները: Հատկապես ուշադրություն է դարձվել ռազմակրթական ու անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների, փոխգործունակության ամրապնդման եւ միջազգային խաղաղապահության շրջանակների ընդլայնման, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման եւ կանանց դերակատարման բարձրացման ուղղությամբ պաշտպանության նախարարության գործադրած ջանքերին: