News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի 35-ամյա բնակչուհի Նարինե Նիկողոսյանը, որը պնդում է, որ իր նորածին երեխային առեւանգել են, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» մոտ քսան անդամներ, այսօր՝ մարտի 3-ին, հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ՝ բողոքի ակցիայով պահանջելով նորածնին առեւանգելու գործով արդար դատաքննություն անցկացնել:

«Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի անցկացնեն արդար դատաքննություն: Արդեն մեկ տարի, ութ ամիս է՝ երեխային գողացել են մորից, բաժանել են ապօրինությամբ, առանց վերջինիս համաձայնության, խաբեությամբ ձեռք են բերել կեղծ փաստաթղթեր: Մենք այժմ ուզում ենք, որ գործը վերաքննվի եւ փաստերը, որոնք նախկինում կոծկվել են եւ չեն հաշվի առնվել գործի քննության ընթացքում, այժմ վերհանեն արդար դատաքննության պայմաններում, որի արդյունքում կբացահայտվի ճշմարտությունը, եւ երեխան կհասնի մորը, մայրը՝ երեխային» NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի արագ արձագանքման խմբի համակարգող Սոնա Հովակիմյանը:

Նշենք, որ ԼՂՀ բնակիչ, 60-ամյա Էդիսոն Ադյանը, որին Նարինե Նիկողոսյանը մեղադրում է իր երեխային առեւանգելու մեջ, երեկ՝ մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը պնդել էր, որ ինքն է երեխայի կենսաբանական հայրը, եւ երեխային իր խնամակալության տակ է վերցրել, քանի որ Նարինեն նրանից հրաժարվել է:

NEWS.am-ի հետ զրույցում Նարինե Նիկողոսյանը պնդեց, որ Էդիսոն Ադյանը ստում է եւ նրա սուտ պնդումները, նրա խոսքով, անպայման բացահայտվելու են:

«Ինքը շատ լավ գիտի, որ երեխայիս հայրը չէ: Ես իր համար ուղղակի ցավում եմ: Թող իմանա, որ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալո,ւ եւ ես հուսով եմ, որ արդարությունը անպայման վերականգնվելու է: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ իմ երեխայի համար»,- ասաց Նարինե Նիկողոսյանը:

Նարինե Նիկողոսյանին եւ նրա փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին գլխավոր դատախազությունում ընդունեց դատախազ Արմեն Մարուխյանը, որը ծանոթանալով գործի նյութերին, խոստացավ որ դատաքննությունն արդար կլինի։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության առաջ ակցիայի մասնակիցները արդարություն էին պահանջում «Մի՛ թողեք երեխայիս հանցագործների մոտ», «Վերադարձրեք երեխայի մանկությունը», «Բացահայտե՛ք հանցագործությունը», «Պահանջում ենք ԴՆԹ անալիզ», «Մի՛ թողեք երեխային առանց մոր սիրո եւ հոգատարության» բարձրաձայն կոչերով եւ պաստառներով:

Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանի խոսքով՝ իր ծանոթ բժիշկներից Հրաչ Կալուստյանն իրեն ծանոթացրել է 60-ամյա Էդիսոն Ադյանի հետ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրեն հղիության ընթացքում՝ ձեռք բերելով կնոջ վստահությունը, իսկ 2013թ. հունիսի 15-ին ծննդատնից գողացել նրա նորածին որդուն։ Կնոջ պատմելով՝ երեխային գողանալուց հետո Հրաչ Կալուստյանն իրեն տարել է նոտարական գրասենյակ եւ խաբեությամբ կորզել ստորագրություն, որով Էդիսոն Ադյանը Արթուրի օրինական հայրն է ճանաչվել: Հրաչ Կալուստյանը Հայաստանից հեռացել է, իսկ Էդիսոն Ադյանը պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Նարինեն վստահեցնում է, որ երեխայի հայրը Ադյանը չէ: Նշենք, որ Նարինեն ոստիկանություն է բողոք է ներկայացրել՝ իր երեխային առեւանգելու վերաբերյալ, սակայն քննիչները գործը կարճել են հանցակազմի բացակայության հիմքով։ Նարինեն քննիչների այս որոշումը բողոքարկող հայցով դիմել է դատարան:

Տպել
Ամենաշատ