News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քնարերգու բանաստեղծ, ՀԳՄ անդամ Հովհաննես Ղազարյանն իր ընտանիքի 14 անդամներով, այդ թվում՝ վեց անչափահաս թոռներով, հաշմանդամ որդով ու հիվանդ տիկնոջով հայտնվել է դրսում: Առինջ գյուղում գտնվող տունը, որտեղ նա իր ընտանիքի հետ բնակվել է 2001 թվականից, կիսաքանդ վիճակում անհատույց հիմունքներով բանաստեղծին է տրամադրել Աբովյանի նախկին ջերմատնային տնտեսության սեփականատեր Արտաշես Սարգսյանը, որն այլեւս կենդանի չէ: Այս մասին այսօր` մարտի 3-ին, լրագրողներին ասաց Հովհաննես Ղազարյանը` հավելելով, որ ընդամենը 2-3 տարի ժամանակ է խնդրում, որպեսզի իր տղաները աշխատեն և կարողանան գնել այդ տունը:

«2001-ից ընտանիքիս հետ ապրեցինք, շենացրինք, ծառեր տնկեցինք, այգի հիմնեցինք:  2006թ. նշյալ տարածքը ինչ-որ տարաձայնությունների պատճառով,  հայտնվեց անորոշ կախվածության մեջ: Այդ ժամանակ Արտաշես Սարգսյանը մեզ ասաց, որ տարածքը գտնվում է վիճարկելի հանգամանքների տիրույթում, և եթե կարող եք, Ձեր ունեցածը պահպանեք, այն այլևս իմը չէ: Որոշ շինանյութերի համար վճարեցինք, և այն պահպանեցինք: Իսկ տարածքի մնացած շինությունները քանդվեցին և վաճառեցին: Սակայն, 2013թ. աշնանը հանկարծակի մահացավ Արտաշես Սարգսյանը: Իսկ մեկ տարի անց  մեզ այցելեց նրա այրին՝ Մանուշակ Սարգսյանը (որի անվամբ է տասնյակ հեկտարանոց տարածքի ՍՊԸ-ն) և պահանջեց դուրս գալ հաշվառումից և ազատել մեր զբաղեցրած տարածքը կարճ ժամանակի ընթացքում, քանի որ տարածքը վերադարձրել են իր տնօրինությանը և ինքը որոշել է վաճառել այն: Այժմ ես գումար չունեմ, որպեսզի այդ տունը գնել կարողանամ և ընդամենը ուզում եմ, որպեսզի 2-3 տարի ժամանակ տան, որպեսզի փող աշխատեմ և կարողանամ այն գնել: Ես իմ ընտանիքի հետ տեղ չունեմ գնալու այժմ: Արդարադատոթյան ոլորտում գործող Աստծո մարդիկ, խնդրում եմ, որևէ կերպ արձագանքել և սատարել մեզ, հոգնել ենք, այլևս չենք կարող,  խնդրում եմ նաև Սփյուռքի իմ հայրենակիցներին բարության ձեռք մեկնել մեզ այս ծանր վիճակից փրկելու համար»,-ասաց Ղազարյանը:

Ինչպես Ղազարյանն է պատմում, սա երկրորդ տունն է, որը ինքն ու իր ընտանիքը կորցնում են և հայտնվում փողոցում. « Իմ առաջին  երկհարկանի մեծ տունը` գյուղում էր և մենք 1996թ. որոշեցինք վաճառել այն և տեղափոխվել Երևան: Մեր բարեկամի միջոցով մի գնորդ գտանք  և պայմանավորվեցինք, որ գնորդը տան գումարը քիչ-քիչ վճարի, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվեց այդ գումարը  վճարելուց  և մենք  կորցրեցինք մեր  տունը: Դրանից հետո դիմեցի դատարան, սակայն երկար ձգձգված պրոցեսներից հոգնեցի  և այլևս չշարունակեցի»,-ասաց Հովհաննես Ղազարյանը: 

Արձակագիր, ՀԳՄ անդամ Վանուշ Շերմազանյանը, ով եկել էր Հովհաննես Ղազարյանին սատարելու, նշեց, որ Գրողների միությունը նույնպես պատրաստ է ամեն գնով սատարել Ղազարյանին. «Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը դիմել է ԱԻՆ-ին, որպեսզի տնակ հատկացնեն, բայց դեռ ոչ մի նորություն չկա: Կա փաստաբան, բացվել է հաշվեհամար` բանաստեղծի որդու` Սևակ Ղազարյանի անունով` Հայբիզնեսբանկում (11509511199801, 11500423468400, 1150452616204), Հովհաննես Ղազարյանին գումարով օգնել ցանկացողները կարող են գումարը փոխանցել այդ հաշվեհամարին»,-ասաց Շերմազանյանը:

Տպել
Ամենաշատ