News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին նախագահներին պետք է մի-մի խրճիթ տալ եւ 41 հազար դրամ թոշակ նշանակել։ Այս մասին մարտի 3-ին խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով սահմանվում է, որ նախկին նախագահների թոշակը պետք է կազմի գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսը: 

Նրա կարծիքով, եթե այդ վճարի իմաստը պետության ղեկավարի ինստիտուտի հանդեպ հարգանքն է, ապա այդ հարգանքը իրենց գործողություններով պետք է ծնեն հենց նախագահները։

«Հարգու՞մ էր արդյոք նախագահի ինստիտուտը ՀՀ առաջին նախագահը (Լեւոն Տեր-Պետրոսյանը խմբ.), որը 1996թ. չէր ընտրվել նախագահի պաշտոնում եւ Անվտանգության խորհրդի նիստ էր գումարել, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, եւ որտեղ մեր պատմության  մեջ առաջին անգամ որոշում էր կայացվել մեր ժողովրդի դեմ հանել Զինված ուժերը։ Կամ երբ առաջին նախագահը ինքն էր վիճարկում ընտրության արդյունքները, եւ այդ համակարգը գործի դրվեց նրա դեմ»,- հայտարարեց Փոստանջյանը։

«Մենք անհանգստանում ենք, թե ինչո՞վ են ապրելու մեր նախկին նախագահները։ Իսկ նախագահները մտածու՞մ էին, թե ինչով է ապրելու ժողովուրդը, հարյուր հազարավոր թոշակառուները, որոնք չգիտեն, թե ինչպես գոյատեւեն թոշակով, որոնք ձմռանը տաքանալու հնարավորություն չունեն։ Ինչպե՞ս ապրել 41 հազար դրամ թոշակով։ Եթե խոսում ենք հարգանքից, ապա ահա ինչ հարգանքի տուրք եմ ես առաջարկում տալ. նախկին նախագահներին ամսական 41 հազար դրամ թոշա՛կ նշանակեք եւ մեկական հյուղա՛կ տվեք» Թող այնտեղ էլ ապրեն։  Նրանք ուշադրության ոչ մի նշան չպետք է ստանան։ Նրանք դրան արժանի չեն։ Բոլոր երեքն էլ։ Նրանք բոլորն էլ պետք է հեռանան մեր երկրի քաղաքական կյանքից»,- հայտարարեց Փոստանջյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ