News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայը, որը 16 տարեկանում Նիդեռլանդներ մուտք գործելով իր անվան եւ ազգության մասին կեղծ տվյալներ է ներկայացրել, կարող է կնոջ եւ երկու երեխաների հետ երկրում 14 տարի ապրելուց հետո արտաքսվել: Նման որոշում է ընդունել հոլանդական Հերթոգենբոս քաղաքի դատարանը:

Ըստ DutchNews.nl-ի, դատարանը վճռել է, որ անվտանգության եւ արդարադատության հարցերի պետքարտուղար Ֆրեդ Թեւենն իրավունք ունի Հովսեփ Խաչատրյանին մերժել կեցության նոր փաստաթուղթ տրամադրելու հարցում: Նախկին փաստաթղթի ժամկետը լրացել է 2010 թվականին: Խաչատրյանի փախստականի կարգավիճակի մասին փաստաթուղթը հետ են կանչել այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ պատանի տարիքում՝ առաջին անգամ Նիդեռլանդներ ժամանելուց հետո, խաբել է իր անձի մասին տվյալներ ներկայացնելիս:

Անցյալ տարի պետքարտուղար Թեւենը հրաժարվել էր նրան նոր ոչ փախստականների համար նախատեսված կեցության նոր թույլտվություն տրամադրել: Պատճառը մասամբ այն է, որ տղամարդը Նիդեռլանդներում անօրինական է բնակվել, մասամբ էլ այն, որ 2008 թվականին ոստիկանության աշխատակցի վրա հարձակման համար դատապարտել են հանրային աշխատանքի:

Բոքսմեերում, որտեղ Խաչատրյանը բնակվում է կնոջ եւ երկու երեխաների հետ, ավելի քան 700 մարդ ի պաշտպանություն նրա ստորագրահավաքի է մասնակցել: Տեղական խորհուրդը հրաժարվում է ընտանիքին նաեւ ֆինանսական օգնություն տրամադրել, քանի որ տղամարդն աշխատանքը կորցրել է անօրինական ներգաղթյալ ճանաչվելուց հետո: Լրատվամիջոցների հաղորդմամբ, Թեւեը որոշել է անձամբ հետեւել, որպեսզի ընտանիքին արտաքսեն:

Բոքսմեերի քաղաքապետ Կառլ վան Սուստն ափսոսանք է հայտնել ընտանիքի արտաքսման առիթով: «Երկու փոքրիկ երեխա ունեցող ընտանիքը պետք է այստեղ մնալու հնարավորություն ունենա: Նրանց, ովքեր լավ աշխատանք ունեն, խոսում են տեղական լեզվով եւ օտարերկրացու ինտեգրման լավ օրինակ են, պետք է ողջունել»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ