Գագիկ Ծառուկյանն, ամենայն հավանականությամբ, կթողնի ԲՀԿ-ի ղեկավարումը: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ Ծառուկյանն այդ մասին կհայտարարի մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ համագումարում:
Մելքումյանը նշել է, որ Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի նաեւ պատգամավորի մանդատից եւ որոշ ժամանակով կհեռանա քաղաքականությունից: «Կարծում եմ, նա ժամանակավորապես կհեռանա»,-ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։
Հաջորդ օրը Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ԲՀԿ-ն իշխանափոխության գործընթաց է սկսում: Երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ծառուկյանը չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը: