News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Էկո սերունդ» խորագրով նոր նախաձեռնությամբ է հանդես եկել Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը։ Տարբեր քոլեջների 20 ուսանողներ մեկ ամիս Երեւանի դպրոցներից հինգում 6-7-րդ դասարանի աշակերտներին խաղերով, կիրառական աշխատանքով ու ընթերցումներով «էկո դասեր» են տալու՝ սովորեցնելով միջավայրը մաքուր պահելու եղանակներն ու կարեւորությունը։

«Մտահղացումը հենց ուսանողներինն է, ովքեր դիմել էին Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդ՝ երեւանցի դպրոցականներին էկոլոգիայի վերաբերյալ այլընտրանքային եղանակով գիտելիքներ հաղորդելու առաջարկությամբ։ Խորհուրդը կարճ ժամանակում կազմակերպեց այս ծրագիրը. հանդիպեցինք մասնագետների հետ, խորհրդակցեցինք, կազմեցինք ծրագիրը եւ ստանձնեցինք աջակցությունը։ Սովորեցնողների ու սովորողների տարիքային տարբերությունը քիչ է, ինչը շփման լեզուն, եղանակը բավականին մատչելի է դարձնում։ 6-7-րդ դասարանների աշակերտներին ներկայացնելու ենք՝ ինչ է բնությունը, ինչ է նշանակում մաքուր շրջակայք ունենալը եւ ինչ կարող ենք անել ինքներս։ Արդյունքում այս աշակերտներն այս ալիքի հաղորդիչը կդառնան, կունենանք էկոլոգիայի վերաբերյալ գիտելիքներով կրթված սերունդ։ Այս առումով «Էկո սերունդ» նախաձեռնությունը համահունչ է նաեւ Երեւանի քաղաքապետի՝  մայրաքաղաքը մաքուր պահելու հորդորին՝ ոչ թե հետեւանքները, այլ պատճառներն է պետք վերացնել»,- նշել է Երեւանի քաղաքապետի օգնական, Երեւանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը։

«Էկո սերունդ» նախաձեռնության առաջին փուլում Երեւանի դպրոցներից հինգն են ներառված։ Մեկամսյա ծրագրի ութ բազմազան դասաժամերին աշակերտները  էկոլոգիայի վերաբերյալ գիտելիքներ ստանալուց բացի նաեւ կիրառական աշխատանք են կատարելու. սովորելու են թղթի թափոններից դիմակ՝ «պապյեմաշե» պատրաստել, աշխատելու են այլ նյութերի հետ, թեմատիկ մուլտեր ու տեսաֆիլմեր են դիտելու, ծառատունկի են մասնակցելու։ Երեխաների պատրաստած աշխատանքները ներկայացվելու են էքսպո-ցուցահանդեսում։ Ծրագրի մասնակից աշակերտները հավաստագրեր են ստանալու։ 

«Էկո սերունդ» նախաձեռնության կազմակերպմանն աջակցում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն ու Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժինը։

Տպել
Ամենաշատ