News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից ներկայացվելիք դատավորների մրցույթի անցակցման գործընթացը և արդյունքները գնահատելն իմ գործառույթը չէ։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան, ՄԻԵԴ մրցույթի հանձնաժողովի անդամ Կարեն Անդրեասյանը: Ներկայացնում ենք նրա հետ արած հարցազրույցը.

Որպես հանձնաժողովի անդամ՝ ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ հայաստանյան 2-րդ մրցույթը:

Մրցույթի անցկացման գործընթացը և արդյունքները գնահատելն իմ գործառույթը չէ։ Գնահատականները կտան Եվրախորհրդի համապատասխան մարմինները։

Դիտորդները եւ քաղաքացիական հասարակությունը ահազանգել են, որ չնայած ԵԽԽՎ-ի պահանջներին եւ Սերժ Սարգսյանի հրամանագրի՝ մրցույթը անցել է ոչ թափանցիկ եւ լուրջ հետընթաց են արձանագրել:

արգում եմ բոլորի կարծիքները, նույնիսկ երբ համաձայն չեմ դրանց հետ։

Արդյոք շահերի բախում չե՞ք տեսնում, որ մի կողմից Դուք հանձնաժողովի անդամ եք, բայց մյուս կողմից էլ այդ մրցույթը պետք է դիտարկեք իրավունքների ոտնահարման, թափանցիկության եւ հրապարակայնության չափանիշների տեսանկյունից:

Հանձնաժողովի գործունեության և որոշումների նկատմանբ Օմբուդսմենն ըստ օրենքի որևէ իրավասություն չունի, հետևաբար, «շահերի բախում» արտահայտությունն այս հանգամանքում ընդհանրապես կիրառելի չէ։

Ինչո՞ւ չեն դիտորդներին տրամադրվել թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը, գնահատման թերթիկները եւ նրանց թույլ չեն տվել մասնակցել մրցույթի ամփոփման նիստին: Դուք կո՞ղմ եք եղել, որ այս ամենին դիտորդները չմասնակցեն եւ չտրամադրվեն փաստաթղթերը, եթե այո, ապա ինչո՞ւ, եթե ոչ, ինչու չե՞ք ներկայացրել հատուկ կարծիք, որ հասարակությունը տեսնի, որ Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է ապահովել թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Հանձնաժողովը գործում է որպես կոլեգիալ մարմին, և հատուկ կարծիքի ինստիտուտ հանձնաժողովի գործունեության կարգում նախատեսված չէ։ Հետևաբար, ես իմ բոլոր կարծիքները հայտնել եմ հանձնաժողովի այն նիստերին, որոնց ներկա եմ եղել։ Այս հանձնաժողովի որոշումների կայացման գործընթացը կարելի է համեմատել կոլեգիալ դատարանի՝ խորհրդակցական սենյակ գնալու հետ, որտեղ տեղի ունեցող քննարկումները չեն հրապարակվում։

Եթե իսկապես մրցույթը կազմակերպված էր շատ արդար եւ թափանցիկ, ապա ի՞նչ խնդիր կա՝ ինչու չեն հրապարակվում այդ փաստաթղթերը: Օրինակ, դուք կտրամադրե՞ք ձեր գնահատման թերթիկը կամ կասեք, թե որ թեկնածունին յուրաքանչյուր չափանիշի դեպքում ինչպես եք գնահատել եւ ինչու: Եթե չեք ցանկանում տրամադրել, ապա ինչո՞ւ եւ ի՞նչ ունեք թաքցնելու հասարակությունից, ինչո՞ւ եք կաշկանդված ներկայացնել հասարակությանը ձեր գնահատականը:

Առանձին անդամի առանձին մասնակցի վերաբերյալ գնահատականներ հրապարակելը հակասում է եվրոպական մի շարք սկզբունքների։  Այսպես, որևէ պաշտոնի հավակնող անձին գնահատող կամ քվեարկող սուբյեկտը կհայտնվի ոչ իրավաչափ ճնշման տակ, եթե ստիպված լինի հրապարակել հավակնորդի մասին իր գնահատականը կամ որոշումը։ Այդ է պատճառը, որ երբ որևէ անձի պիտի ընտրեն մի պաշտոնում, ապա այդ ընտրությունները հիմնականում լինում են փակ գաղտնի քվեարկությամբ, որպեսզի ընտրողին հավակնորդի  հետ հետագա հարաբերություններում չկաշկանդեն։

Քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում է մի շարք խնդիրների մասին, ի՞նչ է պատրաստվում անել ՄԻՊ-ը այդ ուղղությամբ: Առհասարակ, ո՞րն է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պաշտոնական դիրքորոշումը այս մրցույթի վերաբերյալ:

Արդեն պատասխանեցի այս հարցին։ Այս գործընթացն իր հիմնական դրսևորումներում դուրս է Օմբուդսմենի իրավազորություններից։

Մտավախության չկա, որ նման մթնոլորտում մրցույթի անցկացումից հետո ԵԽԽՎ-ն նորից կմերժի Հայաստանից ներկայացված ցուցակը, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ նման նախադեպ եղել է Սլովակիայի դեպքում:

Մտավախություններ այս կյանքում միշտ կան։ Կարևորը, թե ում և որ մտավախությունը իրական կլինի։

Պատրաստեց՝  Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ