News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

60-ամյա Էդիսոն Ադյանը, որին Երեւանի բնակչուհի, 35-ամյա Նարինե Նիկողոսյանը մեղադրում է իր նորածին երեխային առեւանգելու մեջ, երեխայի կենսաբանական հայրը չէ։ Այս մասին այսօրմարտի 4-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Նարինե Նիկողոսյանը՝ նշելով, որ իր երեխայի հայրը ոմն Դավիթ Հարությունյանն է, որն այլ ընտանիք ունի։

«Էդիսոնը չէ երեխայի հայրը։ Երեխայիս իսկական հայրը Դավիթ Հարությունյանն է, որն ամուսնացած է եւ ընտանիք ունի։ Հղիանալուց հետո նրան չեմ դիմել, քանի որ վստահ էի, որ երեխայիս հայրությունը չի ճանաչի, հետո էլ չէի ուզում ընտանիքը քայքայեի։ Բայց քննիչները լավ գիտեն, որ Դավիթն է երեխայի հայրը, քանի որ նա եկել է իրենց մոտ եւ ցուցմունք է տվել, բայց այդ մասին քննիչները լռել են»,- ասաց Նարինե Նիկողոսյանը։

Էդիսոն Ադյանը, որը նույնպես մասնակցում էր դատական նիստին, պատմեց, որ Նարինեին ճանաչել է նրա հղիությունից առաջ, հանդիպել են որոշ ժամանակ, հետո բաժանվել են։  Ադյանի խոսքով՝ Նարինեն բաժանումից չորս ամիս անց գտել է իրեն եւ տեղեկացրել, որ հղի է իրենից եւ 1000 դոլար է պահանջել երեխային հեռացնելու համար։

«Ծանոթացանք, համակրանք կար նրա հանդեպ, մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, որոշ ժամանակ անց բաժանվել ենք։ Չորս ամիս հետո զանգում ա ինձ, ասում ա՝ հղի եմ, առաջարկում է 1000 դոլար տամ, որ երեխային հեռացնի ուրիշ բժիշկի մոտ, որովհետեւ Հրաչ Կալուստյանը չէր հեռացրել։ Ասեցի, եթե ինձանից է, ես տեր եմ, ամեն ինչով կօգնեմ, կիմանամ գոնե մի տեղ երեխա ունեմ։ Դատարկ բնակարան եմ առաջարկել։ Պահել եմ, փող եմ տվել ամեն ամիս։ Ծննդաբերելուց հետո հրաժարվել է երեխային կերակրելուց։ Ծննդատանը ասեցին՝ կուրծքը լիքն ա, մի կաթիլ երեխու բերանը չի կաթացրել։ Ասում էր՝ երեխուն մանկատուն եմ տանելու, ես ուզում էի հեռացնել, դու չես թողել։ Երեխային դուրս գրելուց հետո մի հատ դեմքին էլ չի նայել։ Մեքենայից իջավ, ասեց՝ դուք գնացեք, մենք կգանք տուն, բժիշկին պիտի տեսնեմ։ Հետո գալիս ա, լրիվ թղթերը ստորագրած տալիս ա, մի հատ չի էլ ասում՝ երեխեն ու՞ր ա։ Ես հո երեխային վերցնողը չէի, ինքը չի պահել։ 2 տարվա մեջ մի անգամ չի զանգել, ասի՝ երեխեն ոնց ա։ Եթե այսպես շարունակի կբացահայտեմ՝ ինքն ով է»,- դատարանում հայտարարեց Էդիսոն Ադյանը։

Էդիսոն Ադյանը նշեց, որ պատրաստ է ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն եթե նույնիսկ պարզվի, որ ինքը չէ երեխայի հայրը, միեւնույն է չի հրաժարվելու նրանից։

«Համոզված եմ, որ իմն ա, բայց ուզում ա՝ հերն արաբ լինի, ոչ մի դեպքում չեմ տա։ Էս երկու տարի ա՝ 0-ից երեխա եմ պահում, էսքան հայրություն եմ արել, էլի կանեմ, ինքը ո՞նց ա պահելու, ոչ տուն ունի, ոչ տեղ»,- ասաց նա։

Դատարանի այն հարցին, թե ինչու է դիմել դատարան Նարինե Նիկողոսյանին մայրությունից զրկելու պահանջով, Ադյանը պատասխանեց, որ չնայած Նարինեն փաստաթղթերով իր հայրությունը ճանաչել է, սակայն ինքը վախեցել է, որ մի երեխային կուզենա իր խնամակալության տակ վերցնել։

Նարինե Նիկողոսյանի նոր պաշտպան Անի Թորոսյանը միջնորդեց դատարան հրավիրել նաեւ իրենց բնութագրմամբ երեխայի «գործարքին» մասնակցած երկու այլ անձանց՝ Յուրա Ադյանին եւ բժիշկ Հրաչ Կալուստյանին, սակայն դատարանը մերժեց միջնորդություն՝ պատճառաբանելով, որ բողոքի քննությունը քրեական գործ չէ, եւ այդ անձինք իրենց ցանկությամբ պետք է դատարան գան։

Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանի խոսքով՝ իր ծանոթ բժիշկներից Հրաչ Կալուստյանն իրեն ծանոթացրել է 60-ամյա Էդիսոն Ադյանի հետ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրեն հղիության ընթացքում՝ ձեռք բերելով կնոջ վստահությունը, իսկ 2013թ. հունիսի 15-ին ծննդատնից գողացել նրա նորածին որդուն։ Կնոջ պատմելով՝ երեխային գողանալուց հետո Հրաչ Կալուստյանն իրեն տարել է նոտարական գրասենյակ եւ խաբեությամբ կորզել ստորագրություն, որով Էդիսոն Ադյանը Արթուրի օրինական հայրն է ճանաչվել: Հրաչ Կալուստյանը Հայաստանից հեռացել է, իսկ Էդիսոն Ադյանը պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Նարինեն վստահեցնում է, որ երեխայի հայրը Ադյանը չէ: Նշենք, որ Նարինեն ոստիկանություն է բողոք է ներկայացրել՝ իր երեխային առեւանգելու վերաբերյալ, սակայն քննիչները գործը կարճել են հանցակազմի բացակայության հիմքով։ Նարինեն քննիչների այս որոշումը բողոքարկող հայցով դիմել է դատարան:

Տպել
Ամենաշատ