News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ այսօր՝ մարտի 4-ին տեղի երեք հոգու սպանած անձինք դիմակներով են եղել եւ դեպքի վայրից փորձել են հեռանալ պատահական տաքսու մեքենայով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին ՔԿՀ-ից ոչ հեռու գտնվող շենքի բնակիչները, որոնք խնդրեցին չհրապարակել իրենց անունները։

Բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ ինքը տեսել է՝ ինչպես են մոտեցել տաքսու վարորդին, պահանջել, որ նա տեղափոխի իրենց,  սակայն վարորդը հրաժարվել է՝ ասելով, որ իր մեքենան անսարք է:

Բնակիչներից ոմանք պատմեցին, որ տեսել են երկու դիմակավորված անձանց, որոնցից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, մյուսներն էլ վստահեցնում են, որ նրանք երեքն են եղել:

«Շատ երկար կրակոցների ձայն լսեցինք: Մի քանի րոպե գռռացնում էին»,- պատմեց բնակչուհիներից մեկը:

Բնակիչների ենթադրություններով՝ դեպքի վայրից դիմակավորված անձինք հեռացել են մոտակայքում կայանված պատահական մեքենաներից մեկով։

Նշենք, որ ոստիկանությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարել՝ ինչպես է տեղի ունեցել սպանությունը, եւ ինչպես են հանցագործները դեպքի վայրից փախուստի դիմել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:

Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ եղել է դեպքը։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ