Հայաստանի եւ Լիտվայի փոխհարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Լիտվան ջանում է միշտ փորձի փոխանակում կատարել եւ աջակցել Հայաստանին։ Այս մասին մարտի 5-ին Երեւանում հայկական կողմի հետ Փոխհամաձայնության մասին հուշագիր ստորագրելուց հետո հայտարարեց Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բերնատոնիսը։
Նախարարի գնահատմամբ՝ ստորագրված փաստաթուղթը կաեւոր է այն պատճառով որ կողմերի միջեւ արդարադատության ոլորտում համագործակցությունը սիստեմատիկ բնույթ կստանա։ «Մենք փորձի փոխանակում ենք կատարում ոչ միայն այն հարցերում, որոնք հաջողվել են, այլ նաեւ կիսվում ենք խնդիրներով եւ սխալներով»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ սպասում է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պատասխան այցին Վիլնյուս։
Կաշառակերության դեմ պայքարի մասով լիտվացի նախարարը նշեց, որ նա ղեկավարում է կաշառակերության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը, որում ներկայացված են շահագրգիռ բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները։ «Մենք շնորհակալ ենք հասարակական կազմակերպություններին, հասարակությանն ու լրագրողներին, որոնք բարձրաձայնում են կաշառակերության դեպքերի մասին։ Սակայն այդ խնդիրները կարող են լուծվել միայն, եթե պետական կառույցները համապատասխան որոշումներ ընդունեն»,- հավելեց նախարարը՝ նշելով, որ վերջին տարիներին այդ ոլորտում վիճակը բարելավել է։
Նախարարի խոսքով՝ Լիտվայում կաշառակերությունը հիմնականում տեղ է գտնում Ոստիկանության եւ առողջապահության ոլորտում։ Ընդունած միջոցները ցույց են տվել, որ այդ բնագավառներում կարելի է պայքարել վատ ավանդույթների եւ հանցագործությունների դեմ՝ միաժամանակ կատարելագործելով օրենքը եւ ոչ թե լուծումը թողնել պաշտոնյաների վրա։ «Ծառայությունները պետք է տեղափոխել թվային ոլորտ. համակարգիչները կաշառք չեն վերցնում»,- եզրափակեց նախարարը։