Հայաստանից կատարվող միջազգային ելքային զանգերը պակասել են, իսկ դեպի Հայաստան արտասահմանից մուտքայինները՝ ավելացել։ Այս մասին մարտի 5-ին լրագրողներին հայտարարեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ ներկայացնելով 2014թ. ընկերության աշխատանքի արդյունքները։
«Իհարկե մի կողմից միջազգային զանգերը կատարվում են Skype-ով, Viber-ով եւ այլ նման ծրագրերով։ Դա ոչ միայն հայկական, այլեւ համընդհանուր միտում է։ Իսկ այ առաջին միտումը սպեցիֆիկ է եւ այն դեռեւս դժվար է բացատրել տարբեր գործոնների առկայության պատճառով։ Հատկապես մենք դա զգացինք անցյալ տարվա վերջին այս տարվա սկզբին։ Իհարկե զուտ ֆինանսական տեսանկյունից դա մեզ համար շահավետ է. մենք եկամուտ ենք ստանում այդ զանգերից։ Սակայն մյուս կողմից այդ զանգի արժեքը այլ երկրներում ազդում է Հայաստանում գործող միջազգային սակագների վրա։ Թեպետ, ինչպես հայտնի է, ինտերնետը հաղթել հնարավոր չէ, սակայն մենք հավատում ենք, որ հաճախորդների մի մասը առաջվա պես կշարունակի զանգեր կատարել հին մեթոդներով՝ բջջային կամ ֆիքսված հեռախոսներով»,- նշեց Պյատախինը։
«ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ) Հայաստանի հեռահաղորդակցման կապի օպերատորներից եւ խոշոր հարկատուներից մեկն է։