News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ անցյալ տարի «ռուսական» դրամական փոխանցումների հոսքը Հայաստան զգալիորեն կրճատվել է. 172.4 մլն դոլարով կամ 7.6%-ով: Եթե դիտարկենք անցյալ տարվա 3-րդ եռամսյակի Ռուսաստանի վիճակագրական տվյալները (4-րդ եռամսյակի տվյալները դեռեւս չեն հրապարակվել), հետաքրքիր պատկեր կտեսնենք:

Սակայն նախ ներկայացնենք նույն ռուսական տվյալները, սակայն անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի: Այդ ժամանակահատվածում «ռուսական» խոշորագույն փոխանցումներ ստացողը եղել է Ուզբեկստանը (գրեթե 4.7 մլրդ դոլար), այնուհետեւ Տաջիկստանը (ավելի քան 3.0 մլրդ դոլար) եւ Ուկրաինան (ավելի քան 1.9 մլրդ դոլար): Այս երեք երկրներն ավանդաբար այս վարկանիշի առաջատարն են:

Հայաստանը (1.2 մլրդ դոլարից քիչ պակաս գումարով) հինգերորդ տեղում է եղել, որին հետեւել են Ադրբեջանը (ավելի քան 1.0 մլրդ դոլարով) եւ Մոլդովան (1.0 մլրդ դոլարից քիչ պակաս): Իհարկե, բանն այն չէ, որ ուզբեկները կամ տաջիկներն աշխատանքային մյուս միգրանտներից ավելի են վաստակում: Պարզապես Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով այդ երկրները նույնպես առաջատար են:

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով, 213 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ այդ երկրում ավելի քան 2.6 մլն Ուզբեկստանի եւ գրեթե 1.2 մլն Տաջիկստանի քաղաքացի է եղել: Իսկ մեր հայրենակիցների թիվը 0.5 մլն-ից պակաս է եղել:

Եվ այսպես, Ռուսաստանի տվյալներով, անցյալ տարվա 3-րդ եռամսյակում Հայաստան դրամական փոխանցումների գումարը տարեկան կտրվածքով կրճատվել է 28 մլն դոլարով: Այդ առումով հակառեկորդ են սահմանել Ուկրաինան՝ 234 մլն, այնուհետեւ Ուզբեկստանը՝ 180 մլն դոլարի անկումով: Հետաքրքիր է, որ վերոնշյալ վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնող Տաջիկստանն ընդամենը 16 մլն դոլար է «կորցրել»:

Սակայն ոչ բոլորն են կիսել նշված երկրների տխուր բախտը: Այսպես, նույն եռամսյակում «ռուսական» փոխանցումների հոսքը Ղրղըզստան աճել է 40 մլն դոլարով, Ադրբեջան՝ 18 մլն դոլարով, Ղազախստան՝ 30 մլն-ով:

Ուկրաինայի պարագայում ամեն ինչ պարզ է. ազդել է Ռուսաստանի հետ հակամարտությունը: Հայտնի է նաեւ, որ մեր հյուսիսային հարեւանի տնտեսությունը հետեւողականորեն դեպի ճգնաժամ էր գնում: Այս ամենից զատ, Ռուսաստանը զգալիորեն խստացրել է աշխատանքային միգրանտների մուտքի կանոնները, ինչն ազդել է նաեւ մեր հայրենակիցների վրա: Անհասկանալի է մեկ բան. ինչպե՞ս են կարողացել առանձին երկրներ նույնիսկ այդ պայմաններում ավելացնել «ռուսական» դրամական փոխանցումների գումարը:

Իհարկե, կարելի է հերթական անգամ քննադատել կառավարությանը (առաջինից մինչեւ այժմյան), որ մեր քաղաքացիները ստիպված են վաստակելու միջոց փնտրել օտարության մեջ: Բայց քանի որ հայտնվել են նման անելանելի դրության մեջ, ապա գոնե ապահովեն ինչպես մեր աշխատանքային միգրանտների, այնպես էլ սեփական տնտեսության շահերը, որոնք շատ բանով կախված են դրամական փոխանցումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ