News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա):

Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Պետեր Պրիպուտենն իր փորձն ու մասնագիտական հմտություններն առավելագույնս կներդնի ի նպաստ հայ-սլովակյան կապերի ամրապնդման, նրա պաշտոնավարման ընթացքը կառանձնանա բարձրաստիճան փոխայցելությունների ու երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծել հատկապես տնտեսական, մշակութային, կրթական եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու, առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին՝ 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ դեսպան Պետեր Պրիպուտենին ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ. անցկացվելիք միջոցառումներն ու դրանց խորհուրդը:

Դեսպան Պետեր Պրիպուտենը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ հայ-սլովակյան հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու, երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ