News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԳՇ պետի տեղակալները, վարչությունների եւ առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Հանդիպման ընթացքում զորքերի մարտական եւ տեխնիկական պատրաստության, զորահավաքային պատրաստականության վիճակի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման ու արդիականացման անհրաժեշտության հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցով հանդես եկավ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը:

Նա հավաստեց, որ առանձնակի ուշադրություն է դարձվել հանկարծակի ստուգումների պլանով նախատեսված միջոցառումների անցկացմանը, նշված ժամանակահատվածում շահագործման են հանձնվել նոր ավտոհավաքակայան եւ մի շարք այլ շինություններ:

ԶՈՒ-երում զորքերին մատակարարվող սննդամթերքի տեսականին ընդլայնելու ուղղությամբ եւ ԶՈւ-երի պարենային ու իրային ապահովման այլ հարցերի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ԶՈՒ թիկունքի  վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը: Արձանագրվեց, որ հաշվետու ժամանակահատվածում զինծառայողների կողմից դրականորեն են ընդունվել սննդամթերքի եւ հանդերձանքի հետ կապված փոփոխությունները:

Խորհրդակցության ընթացքում ծավալուն անդրադարձ կատարվեց նաեւ ռազմաբժշկական ծառայության իրականացրած բուժկանխարգելիչ, հիգիենիկ եւ համաճարակային անվտանգության ապահովման միջոցառումներին: Այս համատեքստում կայազորային հոսպիտալներում եւ բուժկետերում բուժօգնության պայմանները ժամանակակից պահանջներին առավել մոտեցնելու, հիվանդացության դեպքերը բացառելու եւ կանխարգելելու հարցերին: Ընդգծվեց, որ ԶՈւ-երը համալրվել են բժշկական նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տվել զորքերում ապահովել բուժօգնության կազմակերպման պայմաններն ու բուժկանխագելիչ միջոցառումների արդյունավետ իրականացումը:

Եղան  նաեւ բազմաթիվ առաջարկություններ, որոնք վերաբերում էին զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը եւ այդ ուղղությամբ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության կողմից իրականացվող ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին:

Խորհրդակցության առաջին մասը եզրափակվեց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի ամփոփիչ զեկույցով, որում նշված էր, թե 2014թ. մարտի 1-ից մինչեւ այս տարվա մարտի 1-ը ընդհանուր առմամբ պատշաճ կերպով իրականացվել են ԶՈՒ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները եւ ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները թե խաղաղ եւ թե պատերազմական պայմաններում:

Հանդիպման երկրորդ մասում, որին սելեկտորային-տեսակապային տարբերակով ներգրավված էին զորամիավորումների եւ զորամասերի հրամանատարները, ծավալուն անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցկացվելիք համապետական, կրթաճանաչողական, տեղեկատվական միջոցառումներին, որոնց վերաբերյալ զեկույցով հանդես եկավ  ՊՆ ՏՀԿ վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ կապված եւս մեկ անգամ զգոնության ու պատասխանատվության կոչ հղեց  նիստի մասնակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ