News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին երկու  օրերին հանրապետությունում դիտված ջերմաստիճանի նվազումը Հայաստանի գյուղատնտեսությանը ոչ մի զգալի վնաս չի հասցրել: Մինչև ջերմաստիճանի բարձրացումն ու ծառերի բողբոջների բացվելը եղանակային այսպիսի պայմանները, ընդհակառակը, գյուղացուն օգնում են հետագայում խուսափել ցրտահարությունից: Այս մասին այսօր` մարտի 6-ին,  NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում  ասաց Շիրակի մարզի Մայիսյան գյուղի գյուղապետ Եսայի Մովսիսյանը` հավելելով, որ այսպիսի գարունը գյուղացու շահերից է բխում:

«Շատ լավ է, որ եղանակը ցրտել է, որովհետև ծառերի բողբոջները ինչքան ուշ բացվեն, այնքան քիչ կլինի ցրտահարության հավանականությունը: Այս երկու օրերին ջերմաստիճանի նվազումը ոչ մի վնաս չի հասցրել մայիսյանցիներին»,-ասաց գյուղապետը:

Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանն էլ նշեց, որ  գյուղում այսպիսի եղանակային պայմաններից տուժել են միայն  կաղամբի վնասված սածիլները, որոնք շուտով կվերականգնվեն.

«Այժմ ոչ մի արտառոց բան չկա, բացի կաղամբի սածիլների վնասումից: Եղեգնուտի բնակիչներից  բողոքներ չենք ստացել, ամեն ինչ լավ է և վերահսկվում է»,-ասաց Մարգարյանը:

Արարատի  մարզում գյուղատնտեսությունը նույնպես ջերմաստիճանի նվազման պատճառով չի տուժել։ Բաղրամյանի գյուղապետարանի առաջին կարգի մասնագետ Սիմոնյան Նունեի  խոսքով` գյուղում  ցրտահարություն չկա, ծառերի բողբոջները չեն վնասվել: Արմավիրի մարզի Արմավիր գյուղի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ջերմաստիճանի նվազման պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասների մասին առայժմ ոչինչ չի կարող ասել, քանի որ դրանք կերևան ջերմաստիճանի բարձրացումից հետո միայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ