News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս կամ այն ձեւով ռեժիմի դեմ պայքարը շարունակելու ձգտող ուժերի, քաղբանտարկյալների ու ռեժիմի մեղքով սովի եզրին կանգնածների համար, հարմարվողականության այս ցինիկ դրսեւորումը պարզապես դաշույնով հարված էր մեջքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը՝ անդրադառնալով մի շարք քաղաքական ուժերի Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալուն:

Ինչպե՞ս եք վերաբերում, որ մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ձեր ՀՀՇ-ական գործընկերներ Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, գնացել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:

Վատ եմ վերաբերվում: Հանդիպման հատուկ պահերին արված լուսանկարների հրապարակումը, ձեւավորվող լայն հասարակական համաձայնության մասին իշխանական լրատվության ոգեւորված ճամարտակությունները, պարզ վկայությունն են այն բանի թե ինչ էր ռեժիմի ուզածը եւ ստացածը: Իսկ ի՞նչ ստացան Բաղրամյան 26 աճապարած, մինչ այժմ ռեժիմի վերացումը երկիրը կործանումից փրկելու միակ միջոց համարող ուժերը: Ինչի՞ դիմաց գիտակցաբար գնացին սպանությունների, բռնությունների, հալածանքների ու կեղծիքների միջոցով իշխանությունը զավթած մեկի հետ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ քննարկելու: Չէ՞ որ գիտեին, որ ռեժիմից զզված եւ բռնապետին ատող ժողովրդի ճնշող մեծամասնության արհամարանքին էին արժանանալու:
Կարող են իհարկե փորձել արդարանալ, ասելով, որ զոհողությունների են գնում պետական կարեւորության խնդիր լուծելու համար, ինչպես օրեր առաջ մեկ այլ ընդդիմադիր առաջնորդ փորձեց ներկայացնել իր հրապարակային նամակագրությունն ու հանդիպման պատրաստակամությունը նույն սուբյեկտի հետ: Իրականում, ըստ իս, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարված բուրժուա-դեմոկրատական հեղափոխության լիակատար ֆիասկոյի ֆոնին եւ հետեւանքով այդ ուժերի մոտ տեղի ունեցավ առաջնահերթությունների կտրուկ փոփոխություն: Ըստ էության դա հրաժարում է ռեժիմի դեմ հետագա պայքարից եւ փորձ սահմանադրական բարեփոխումների սելին լծվելով իրենց համար տեղ ապահովելու հաջորդ գումարման Ազգային ժողովում: Այս շրջադարձը կարելի է գուցե բնական եւ իրատեսական համարել, բայց, չնայած բռնաճնշումներին, այս կամ այն ձեւով ռեժիմի դեմ պայքարը շարունակելու ձգտող ուժերի, քաղբանտարկյալների ու ռեժիմի մեղքով սովի եզրին կանգնածների համար, հարմարվողականության այս ցինիկ դրսեւորումը պարզապես դաշույնով հարված էր մեջքին:

Դուք տեղյա՞կ եք եղել, որ գնալու են: Հնարավո՞ր է ՀՀՇ-ից դուրս գաք:

Ցավալի է, որ ՀՀՇ ղեկավարները նման կարեւոր եւ ակնհայտորեն վիճահարույց որոշում կայացնելիս հարկ չեն համարել խորհրդակցել կամ գոնե տեղյակ պահել վարչության բոլոր անդամներին:  Իմ դեպքում, կապի միջոցների բազմազանության եւ մատչելիության ներկա պայմաններում, ժամանակավորապես արտերկրում գտնվելուս հանգամանքն արդարացում չէ: Ըստ էության խախտվել է կարեւոր որոշումներ ընդունելու կոլեգիալության սկզբունքը, ու ինձ կատարված փաստի առաջեւ են կանգնեցրել: Հիմա ես կբավարարվեմ հայտարարելով, որ կոպիտ սխալ եմ համարում այդ հանդիպումը եւ ոչ մի պատասխանատվություն չեմ կրում դրա համար, իսկ եթե հարմարվողական այդ կուրսը շարունակվի, բնականաբար այլեւս անելիք չեմ ունենա ՀՀՇ-ում:

Այսօր քաղաքական օրակարգում են սահմանադրական բարեփոխումների թեման: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը խորհրդարանական կառավարման անցնելու վերաբերյալ, եւ կոնկրետ Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած գործընթացին:

Թե՛ ես, թե՛ ՀՀՇ-ն բազմիցս հայտարարել ենք, որ կողմնակից ենք անցմանը խորհրդարանական կառավարման ձեւին: Բայց դա ի՞նչ կապ ունի ծավալվող իրադարձությունների հետ: Եթե ռեժիմը պատրաստ է ցանկացած պահի, սեփական շահից դրդված  ոտնահարել սահմանադրությունը եւ յուրացնել իշխանությունը, ապա ի՞նչ տարբերություն խորհրդարանական կառավարման համակարգ է այնտեղ նկարագրված, թե նախագահական: Հարց տվե՞լ եք ձեզ, այդ ինչո՞ւ միայն իր լիազորությունների ավարտի նախաշեմին որոշեց մեջտեղ բերել սահմանադրական բարեփոխումների մի ծրագիր, որի մասին ակնարկ անգամ չկար իր նախորդ երկու ընտրարշավների ժամանակ եւ անցած կառավարման անփառունակ տարիների ընթացքում: Ավելին, նաեւ այդ ընթացքում կտրուկ դեմ է արտահայտվել այլ ուժերի արած նմանատիպ առաջարկներին:
Ակնհայտ է, որ «բարեփոխման» այս պրոցեսը նախաձեռնելը պայմանավորված էր միմիայն Սերժ Սարգսյանի լիազորությունների մոտալուտ ավարտով եւ բռնազավթված իշխանությունը ոչ մի դեպքում ռեժիմի ձեռքից բաց չթողնելու մոլուցքով: Հիմա ռեժիմի՝ ձմեռային դադարից հետո վերսկսված  «ժառանգորդ» օպերացիան շարունակվում է: Ծառուկյանին՝ իր մարզիչներով եւ մասաժիստներով հանդերձ գետնելուց հետո նոր մթնոլորտ է ձեւավորվել, որում արդեն Սարգսյանն իրեն ավելի ազատ է զգում եւ քանի որ ռեժիմին սպառնացող իրական վտանգ չի երեւում, նորից, հրաժարվելով իր համար անհասկանալի, ուստի վտանգավոր խորհրդարանական կառավարման համակարգից սկսում է թեքվել դեպի  առկա կիսանախագահականը: Ամենայն հավանականությամբ, ի վերջո, հենց դրան՝ գործող սահմանադրության մեջ կոսմետիկ փոփոխություններ անելուն էլ կհանգեն՝ անհարմար վիճակում թողնելով իբր խարհրդարանական համակարգին անցման համար խաղի մեջ մտածներին:

Կա կարծիք, որ ընդդիմադիր դաշտը դատարկ է մնացել եւ որոշակի մրցակցություն է սկսվել այդ տեղի համար: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքական դաշտում արեւմտամետ ուժերը փորձում են համախմբվել:

2008-ի համաժողովրդական պոռթկումից առաջացած, ահռելի պոզիտիվ էներգիա կրող ռեսուրսի հետեւողական մսխումը՝ իրական պայքարը դրա նմանակմամբ փոխարինելու եւ քաղաքագիտական էքսպերիմենտներով մոլորեցնելու միջոցով, ի վերջո բերեց ընդդիմադիր գործիչների եւ կուսակցությունների նկատմամբ խորը հիասթափության: Այժմ իրական պայքարին լծված կամ լծվելիք ուժերին որոշակի ժամանակ կպահանջվի այդ հիասթափությունը հաղթահարելու եւ իրենց շուրջ քաղաքականապես ակտիվ զանգվածներին համախմբելու համար: Մրցակցությունն այդ ուժերի միջեւ այս ժամանակահատվածում օգտակար կլինի, ինչպես եւ օգտակար կլինի համախմբումը հետագայում՝ պայքարի վճռական փուլ մտնելիս:

Չգիտեմ, որ ուժերին եք համարում արեւմտամետ: Ինձ համար համամարդկային են այն արժեքները որոնք, այո՛ ձեւավորվել են Եվրոպայում ու հիմա տարածվել են «արեւմուտքում», որն, ի դեպ, ընդգրկում է օրինակ մեզնից շատ հեռու արեւելքում գտնվող Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան: Ուստի, մեր երկրի ներկա վիճակում, ես հակված եմ ուժերը խմբավորել ավելի ընդհանրական անունների ներքո՝ առաջադեմ-հետադիմական կամ անկախական-ստորաքարշ: Իսկ համամարդկային արժեքների շուրջ համախմբումները, անշուշտ ողջունելի են: Նման արժեքներ դավանողները չեն կարող համակերպվել ներկա հետադիմական ռեժիմի գոյության հետ:

Հավատո՞ւմ եք, որ Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա կողմնակիցներին կհաջողվի գլուխ բերել «100 ամյակն առանց ռեժիմի» շարժումը՝ հաշվի առնելով, որ դրա շրջանակներում կազմակերպված ավտոերթերը նույնիսկ մեծ խոչընդոտների են հանդիպում:

Հավատում եմ Ժիրայր Սեֆիլյանի ազնվությանը եւ անվերապահ նվիրվածությանը մեր հայրենիքին: Մեծ հարագանք եմ տածում նաեւ իր շուրջ համախմբված, ռեժիմի դեմ պայքարող իմ ճանաչած ու չճանաչած մյուսների նկատմամբ:  Իհարկե կուզենայի որ հաջողեին եւ հնարավորության դեպքում ամեն ինչով կօժանդակեի: Պարզապես պետք է հաշվի առնենք, այդ մասին վերեւում էլ խոսեցինք, որ իրավիճակը փոխվել է եւ իրենց ստանձնած առանց այդ էլ շատ ծանր առաքելությունը էլ ավելի է ծանրացել: Ուժ, կորով  ու հաղթանակ մաղթելով իրենց ուզում եմ նաեւ ցանկանալ, որ իրենց արդար պայքարը ամենեւին չսահմանափակեն ժամկետներով ու տարեթվերով:

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրի» մասին ի՞նչ կարծիքի եք, գուցե նրանց հաջողվի՞ ինչ-որ բան փոխել երկրում:

Դրական եմ վերաբերվում, երբ մեկնարկեցին, հաջողություն եմ մաղթել:  Իրենց դեպքում նպատակներն ավելի հեռահար են ու, տպավորություն ունեմ, որ լրջորեն են նախապատրաստվում: Ուրախ եմ եւ հուսադրող եմ համարում, որ այնտեղ համախմբվում են հիմնականում երիտասարդ, լայնախոհ ու առաջադեմ մարդիկ, որոնց հետ պետք է կապենք մեր երկրի ապագան:

Ներկայումս Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկում է ավելի թեթեւ համաձայնագիր կնքելու հարցը: Կարծում եք ինչ որ փաստաթուղթ կստորագրվի՞, թե Մոսկվան կրկին կարող է խանդով վերաբերվել եւ արգելել Հայաստանին նման համաձայնագիր կնքել, ինչպես դա եղավ Ասոցացման համաձայնագրի դեպքում:

Չեմ կարծում, որ Կրեմլին առանձնապես կանհանգստացնի  այդ նոր գործընթացը եւ քաղաքական՝ զուտ հռչակագրային բնույթի փաստաթղթի ստորագրումը: Կրեմլը եվրաասոցացման գործընթացը խափանելու նպատակով օգտագործեց Սերժ Սարգսյանին իր ուզածի պես, այլ հարց է, որ ոչ Ուկրաինայի, ոչ էլ գործընթացի այլ մասնակիցների համար Հայաստանի կտրուկ շրջադարձը օրինակելի վարքագիծ չդարձավ: Եվրասիականացման մեր հետագա կամազուրկ դրեյֆն էլ եկավ ապացուցելու, որ թե տնտեսական, թե քաղաքական առումով անմիտ քայլի դիմեց պարոն Սարգսյանը: Իմաստուն ղեկավարը, եթե նույնիսկ վերահաս վտանգի պատճառով չկարողանար մերժել, պետք է ամեն ինչ աներ վնասաբեր որոշումը ձգձգելու, ժամանակ շահելու համար: Իսկ նա, ինչպես տեսանք, հազիվ մինչեւ մոսկովյան լուսաբացը դիմացավ:

Պատրաստեց՝ Ինգա  Մարտինյանը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ