News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վրացիները սեփական երկիրը, խոհանոցն ու գինին գովազդելու բնատուր տաղանդ ունեն։ Հատկապես գինին գովազդելը նրանց մոտ առանձնահատուկ լավ է ստացվում։

Վրաստանը գինու արտադրությունը տնտեսության ռազմավարական ճյուղ է հռչակել, եւ ամեն ինչ անում է՝ վրացական գինին աշխարհին ներկայացնելու, միջազգային ցուցահանդեսներում պատշաճ ներկայանալու համար։

Վրաստանը նույնիսկ գինու պատվավոր դեսպան ունի՝ Սոմելյեների ընկերակցության նախագահ Շալվա Խեցուրիանին, որն էլ Թբիլիսիում կայացած մեդիաֆորումում ներկայացրեց վրացական գինետեսակների արտադրության եղանակները։

Գինու դեսպանն իր հետ վրացական գինու մի քանի տեսակներ էր բերել եւ համտեսի միջոցով ներկայացրեց դրանց ստեղծման պատմությունն ու առաձնահատկությունները։ Խեցուրիանիի պնդմամբ, գինի Վրաստանում արտադրում են արդեն 8 հազար տարի, ներկայիս Շուլավերի տարածքում հայտնաբերվել են խաղողի կորիզներ եւ վազեր, որոնք թվագրվում են Ք.Ա. 6-րդ հազարամյակով։ Բնականաբար, մենք՝ հայերս, հակաճառելու բազմաթիվ փաստեր կարող ենք ներկայացնել, այդ թվում՝ Արենիի 6-հազարամյա գինու հնձանը, սակայն վրացիները ոչ միայն ավելի լավ են ներկայացնում իրենց վարկածը, այլեւ լուրջ ջանքեր գործադրում այն աշխարհին պատմելու համար։

Նույնիսկ քրիստոնեության ընդունումը վրացիները կապում են գինու հետ։ Ըստ ավանդության, Սուրբ Նինոն վրացիների սիրտը շահելու եւ քրիստոնեությունը տարածելու համար խաչ է պատրաստում խաղողի վազերից, ուստի վրացական խաչը նման է խաղողի վազի։

Դարեր շարունակ վրացիները գինի արտադրել են կարասների՝ քվեվրիների մեջ։ Այդ տեխնոլոգիան այժմ էլ օգտագործվում է հատկապես Կախեթիում։ Քվեվրին պահում են հողի մեջ, ամբողջ ձմեռ եւ բացում են միայն գարնանը, երբ խմորումն արդեն կատարված է լինում։ Քվեվրիի տեխնոլոգիաներով արտադրվում է սպիտակ եւ կարմիր չոր, երկու տեսակի գինի։ Վրացիները, ի դեպ, մուգ գինուն ոչ թե կարմիր, այլ սեւ գինի են ասում, եւ ամենահայտնի տեսակը սապերավին է։ Իսկ սպիտակ չոր քվեվրի գինին իր յուրահատուկ գույնի համար ստացել է սաթե գինի անվանումը, թեեւ միջազգային շուկայում այն հայտնի է նարնջագույն գինի անունով։ Այս գինին պատրաստվում է Կախեթիում, առավել հայտնի է Ռկաթցթելի գինին։

2011թ. Վրաստանում քվեվրին ճանաչվեց ազգային մշակութային ժառանգության մաս, իսկ 2013թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։  

1800-ականներին Ալեքսանդր Ճավճավաձեի ջանքերով Վրաստանում սկսում են գինի արտադրել նաեւ եվրոպական տեխնոլոգիայով։ Ճավճավաձեն Ցինանդալիի իր առանձնատանը գործարան է հիմնում, որտեղ գինի արտադրում էր տակառների մեջ։ Այդ գինին այժմ էլ Վրաստանի ամենահայտնի գինետեսակներից է եւ հայտնի է «էուրոպուլի» անունով։

Խորհրդային տարիներին Վրաստանում նոր թափ է ստանում կարմիր կիսաքաղցր գինիների արտադրությունը։ Թեեւ վրացիներն իրենք չոր գինի են նախընտրում, չէին կարող անտարբեր մնալ խորհրդային մյուս երկրների բնակիչների նախասիրությունների նկատմամբ, եւ սկսում են արտադրել «Կինձմարաուլի» եւ «Խվանչքարա» տեսակի կիսաքաղցր գինիները։ Այսօր էլ, ԱՊՀ երկրներից Վրաստան մեկնող զբոսաշրջիկներն առաջինը հարցնում են «Խվանչքարայի» մասին։

Խեցուրիանիի խոսքով, խորհրդային ժամանակահատվածը աղետալի հարված հասցրեց վրացական գինուն, այլապես այժմ Վրաստանը միջին կարգի գինեգործական երկիր կլիներ։ Պատճառն այն է, որ կոլեկտիվացման հետեւանքով խաղողը կորցրեց իր տիրոջը։ Այսօր էլ դրա հետքերը նկատելի են, խաղաղ արտադրողների եւ գինեգործների շահերը հաճախ չեն համընկնում, իսկ նախքան խորհրդային կարգերը գինեգործը նաեւ խաղողն է արտադրում։ 

Գինու դեսպանի խոսքով, ռուս-վրացական պատերազմը եւ ռուսական էմբարգոն, ընդհակառակը, օգնեցին Վրաստանում գինու մշակույթի զարգացմանը։ Վրացի գինեգործները, կորցնելով ահռելի ռուսական շուկան, մնացին դեմ-հանդիման եվրոպական ավելի մեծ, սակայն մրցակցային շուկայի հետ, որտեղ միայն գեղեցիկ առասպելներով հնարավոր չէ գինի վաճառել։ «Այդ շուկաներում մրցակցությունը սարսափելի է, եւ մենք պետք է նոր որակի գինի առաջարկեինք»,- նկատում է Շալվա Խեցուրիանին։ Եւ Վրաստանը, կարողացավ իր նշագիծը զբաղեցնել՝ այժմ տարեկան 10 միլիոն շշից ավելի գինի արտահանելով եվրոպական շուկա։ Դրան օգնում է այգիների ու հնձանների խիստ վերահսկողությունը։ Եթե խորհրդային եւ հետխորհրդային ժամանակներում որտեղ պատահի անխնա կեղծում էին վրացական գինին, այսօր արդեն դա գրեթե անհնարին է։ Նույնիսկ գինու արտադրության արտոնագիր ստանալը Վրաստանում չափազանց բարդ ընթացակարգ է։ Յոթ հոգուց բաղկացած տեսուչների խումբը ամենայն խստությամբ ստուգում է  արտադրված գինին եւ նոր տալիս իր եզրակացությունը։ 

Ռուսական շուկան այժմ մասամբ բացվել է վրացական գինու առջեւ, իսկ արտահանման ծավալները գերազանցում են անգամ մասնագետների կանխատեսումները։ Անցած՝ 2014 թվականին Վրաստանն արտահանել է մոտ 60 մլն շիշ գինի, ինչը 26 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Անցած տարի 38 միլիոն շիշ գինի արտահանվել է Ռուսաստան։

Տպել
Ամենաշատ